Կարևոր իրադարձություններ

Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների թիվն ամեն տարի 3 տոկոսով ավելանում է

21 Նոյեմբեր, 2018 13:27
Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների թիվն ամեն տարի 3 տոկոսով ավելանում է

 

Հայաստանում դիաբետով հիվանդ երեխաների թվի աճի վերաբերյալ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  մտահոգիչ տվյալներ հայտնեց Մուրացան համալսարանական կլինիկայի ներզատաբանական բաժանմունքի վարիչ Ելենա Աղաջանովան։

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կան թիվ մեկ դիաբետ ունեցող երեխաներ: Նրանց թիվն ամեն տարի 3 տոկոսով ավելանում է։Այսօր ՀՀ-ում ունենք մինչև 18 տարեկան 576 երեխա, որոնք ունեն թիվ մեկ դիաբետ: Երեխաները ստանում են մեկ տեսակի բուժում, դա ինսուլինն է, որը պետք է ստանան ամբողջ կյանքի ընթացքում: Թանկ դեղամիջոց է, և պետությունն այդ բեռը վերցնում է  իր վրա: Երեխաները հիմա ստանում են լավագույն ինսուլինները»,- նշեց նա:

Ելենա Աղաջանովայի խոսքով՝ հիվանդության առաջացման հստակ պատճառ չկա:

«Սա մենք անվանում ենք ժառանգական նախատրամադրվածություն: Սրա ֆոնի վրա էկոլոգիական, արդյունաբերական գործոնները և այն, թե ի՞նչ է ուտում հղի կինը, ի՞նչ է ուտում երեխան, նշանակություն ունեն»,- մանրամասնեց Մուրացան համալսարանական կլինիկայի ներզատաբանական բաժանմունքի վարիչը:

«Շաքե» հիմնադրամի հիմնադիր Սահակ Դաշյանն էլ ասաց, որ կա ինսուլինային պոմպ, որն իր կարևորությունն ապացուցել է արդեն:Ծրագրում ենք առաջիկա 5-6 տարիներին դիաբետով երեխաներին հնարավորություն տալ անվճար ունենալ թե՛ պոմպը, թե՛ դրա ծախսատար և ամենամսյա պարագաները: Բժշկական շուկայում պոմպը 3000-6000 դոլար է, իսկ ամեն ամիս ծախսը 70.000-250.000 դրամ է: Ամեն ընտանիք հնարավորություն չունի այդ գումարները հատկացնել: Պետությունն էլ չի կարող, չունի այդ հնարավորությունը: Իսկ մենք կարող ենք, պարզապես ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ»,- նշեց Սահակ Դաշյանը՝ հայտնելով, որ հիմնադրամը վերջերս է ստեղծվել:

 

Լրահոս

Դիտել ավելին