Կարևոր իրադարձություններ

Հեղափոխությունը հասավ ամենածանր կետին․ «Ժամանակ»

21 Նոյեմբեր, 2018 08:25
Հեղափոխությունը հասավ ամենածանր կետին․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսական իրավիճակը եւ հեռանկարները շարունակում են մնալ թավշյա հեղափոխությունից հետո, այսպես ասած, ամենաբաց հարցերի շարքում: Նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետը գործնականում առաջին անգամ խոսեց այն մասին, որ կան ներդրումային ֆոնի հետ կապված որոշակի մտահոգություններ առաջացնող «տնտեսական» բաղադրիչներ, մասնավորապես՝ հանքարդյունաբերության ոլորտում: Այստեղ, անշուշտ, առաջնայինը Ամուլսարի օդում կախված հարցն է: Մյուս կողմից, սակայն, մենք ինքներս մեզ խաբած կլինենք, եթե մտածենք, որ այդ հարցի լուծումը բերելու է Հայաստանում ներդրումային պատկերի իրական փոփոխության:

Միեւնույն ժամանակ, այստեղ շատ կարեւոր է արձանագրել թերեւս, որ այդ պատկերի հարցը ուղիղ կապակցված չէ նաեւ կառավարության տնտեսական քաղաքականությանը, որի բացակայության մասին խոսվում է շատ: Ի վերջո, իսկ ո՞րն է տնտեսական քաղաքականությունը եւ ինչպե՞ս պետք է այն արտացոլվի: Խոշոր հաշվով, բուն խնդիրը թերեւս կառավարության ընթացիկ կամ միջնաժամկետ քաղաքականությունը չէ: Այդ առումով, մեղմ ասած, անարդարացի կլինի ասել, թե ներկայումս վարվում է որեւէ կերպ ավելի պակաս կամ վատ քաղաքականություն, քան երբեւէ:

Խնդիրը բարեփոխումներն են, եւ այստեղ բուն հարցն անգամ կառավարության քաղաքականության տիրույթում չէ: Բուն խնդիրն այստեղ այն է, որ տնտեսական բարեփոխումները ինքնին ենթադրում են ոչ պոպուլյար մի շարք որոշումներ, որոնք առնվազն առաջինն են, այսպես ասած, աչք ծակելու: Դա գործնականում աքսիոմատիկ է, որ տնտեսական համակարգային փոփոխություններն ուղղակիորեն պարունակում են հնարավոր կարճաժամկետ անհարմարություններ կամ անսովորություններ հասարակական մի շարք շերտերի համար, իսկ էֆեկտի առումով դրանք պահանջում են ժամանակ:

Եվ այստեղ, իհարկե, կա երկու խնդիր՝ ռեֆորմները արագ եւ անցավ են այն դեպքում, երբ դրանք իրականացվում են տնտեսական բուռն վերելքի վրա, եւ ռեֆորմները որոշակիորեն խնդրահարույց են հանրային ընկալման առումով, եթե դրանք չունեն փողային հենք եւ ավելին՝ դրանք կենսական անհրաժեշտություն են տնտեսությունը կանգնած տեղից խթանելու համար: Հայաստանում ավելի շուտ կամ ավելի շատ երկրորդ տարբերակն է:

Ընդ որում՝ այստեղ տնտեսական ռեֆորմներ ասվածը հիմնականում դիտարկվում է հարկային դրույքաչափերը բարձրացնելու կամ իջեցնելու կոնտեքստում, մինչդեռ համակարգային տնտեսական ռեֆորմները ունեն բոլորովին այլ տարողություն եւ ընդգրկում:

Օրինակ՝ դրանցից մեկը գույքի ու եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումն է, որի վերաբերյալ մտադրությունների արտահայտումն, օրինակ, նախօրեին իսկական ցունամի էր առաջացրել սոցցանցերում: Մինչդեռ դա մի վկայություն էր, թե համակարգային տնտեսական ռեֆորմներն ինչպիսի բարդ աշխատանք են պահանջելու նախեւառաջ հասարակության հետ: Մյուս կողմից՝ այդ աշխատանքից էապես կախված է թավշյա հեղափոխության նոր փուլի սոցիալական բազայի ձեւավորումը: Թավշյա հեղափոխությունն իր առաջին փուլում հաջողությունն արձանագրեց հենց այդ սոցիալական բազայի հստակության շնորհիվ: Երկրորդ փուլի հաջողությունները առայժմ կառուցվում են հին բազայի վրա, սակայն կառավարությունից անկախ առաջանում է որոշակի խզում, այսպես ասած, «հին» սոցիալական բազայի եւ նոր փուլի ու խնդիրների միջեւ:

Գործնականում, Նիկոլ Փաշինյանն իր վերջին շրջանի ելույթներում փորձում է շոշափել հենց այդ հարցը, անգամ սուր բանավեճեր հրահրելու միջոցով, որովհետեւ խորքային առումով իրավիճակը գալիս է բավականին պատասխանատու մի կետի, որտեղ շատ կարեւոր է դառնում մի կողմից, իհարկե, կառավարության պատասխանատվությունը հեղափոխությանն աջակցած հանրության առաջ, մյուս կողմից՝ նաեւ հարցը, թե հանրությունը որքանով է պատրաստ ստանձնել հեղափոխության համար արդեն սոցիալական պատասխանատվություն՝ երկրորդ փուլն էլ առավելագույնս կայուն անցկացնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին