Կարևոր իրադարձություններ

Իրենց բերքը վաճառող գյուղացիները չեն հարկվելու․ ՊԵԿ նախագահ

19 Նոյեմբեր, 2018 17:32
 Իրենց բերքը վաճառող գյուղացիները չեն հարկվելու․ ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հիմնավոր չի համարում սոցցանցերում տարածված այն տեղեկատվությունը,  թե ՊԵԿ-ը արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների եկամուտերը հարկելու նախագիծ է պատրաստվում ներկայացնել: Կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Անանյանը ․ «Ուղղակի հնարավոր է, որ այս կամ այն նախադասությունը, այս կամ այն միտքը սխալ ընկալված լինի: Ամենակարևորը հետևյալն է՝ առանց հանրային քննարկման որևէ նախաձեռնություն օրենքի ուժ չի կարող ստանալ: Հիմա ես հասկանում եմ, որ քաղաքական, նախընտրական այս շրջանում կոնտեքստից կտրած ինչ-որ միտք կարող է մեկնաբանվել, իսկ այդ մեկնաբանությունները շահարկման առիթ կարող են հանդիսանալ: Կառավարությունում որևէ կոնկրետ նախագիծ դեռ չկա, կա եկամուտների համատարած հայտարարագրման գաղափար, որի շուրջ կա գաղափար: Այդ գաղափարը նախ պետք է քննարկեն մասնագետները, հետո՝ կառավարությունը, իսկ նախնական նախագծի տեսք ունենալուց հետո այն պետք է դրվի հանրային քննարկման: Դա լինելու է 2019թ. ընթացքում: Իրավական ակտերի փոփոխությունների որևէ շուտափույթ փաթեթ չկա և այս պահին օրակարգում չէ»,- նշեց Անանյանը:

ՊԵԿ նախագահը հերքեց այն լուրերը, թե պատրաստվում են հարկել տրանսֆերտները: «Անձը, ով դրսում աշխատում է և իր եկամուտն ուղարկում է, որպեսզի իր ընտանիքը սպառի, մենք սպառումը չենք հարկելու: Եթե անձը դրսում է աշխատում և, եթե եկամտային հարկի առումով համարվում է ռեզիդենտ, ինքն այսօր էլ տարեկան դեկլարացիա ներկայացնելու պարտավորություն ունի»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Անանյանն հերքեց նաև լուրերը, թե հարկվելու են իրենց բերքը վաճառող գյուղացիները, քանի որ ՀՀ օրենսդրությամբ գյուղացիներն ազատված են այդ հարկերից։

Այս նախագիծը 2019թ.-ին դրվելու է հանրային քննարկման: Շուտափույթ փոփոխությունների փաթեթ չկա և այս պահին օրակարգում չկա:

 ՊԵԿ նախագահն ասել է, որ այդ օրենքը ՀՀ-ն ունի, պարզապես չի գործում. «Բոլոր քաղաքակիրթ երկրներում կա եկամուտների համատարած հայտարարման ինստիտուտ: Մենք ինքներս՝ որպես ՀՀ, մեր ստեղծման օրվանից քննարկում ենք՝ արդյոք հնարավորություն ունենք համատարած եկամուտների դեկլարացիա ներդնելու:

Առաջին անգամ ունենք այդպիսի հնարավորություն տեխնիկապես: Ոչ թե անձինք իրենք պետք է պատրաստեն այդ տարեկան դեկլարացիաները, այլ հարկային համակարգում առկա համակարգերը պետք է գեներացնեն այդ հաշվետվությունները, տանեն ներկայացնեն ֆիզիկական անձանց, որպեսզի իրենք նայեն՝ համաձայն են դրա հետ, թե չէ: Կարևորն այն է, որ խոսում ենք ստվերի մասին: Ստվերում եկամուտներ կան, որ պոտենցիալ հարկման ենթակա են, բայց չեն հայտարարագրվում: Մենք պետք է կայացնենք այդ ինստիտուտը: Մենք 27 տարի է դրա մասին մտածում ենք, անընդհատ հետաձգում ենք, որովհետև ասում են՝ երկիրը պատրաստ չէ դրան: Հիմա պատրաստ է»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին