Կարևոր իրադարձություններ

Առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու

19 Նոյեմբեր, 2018 15:42
Առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու

Առանց լայն հանրային քննարկման, առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, կառավարության նիստն սկսելուց առաջ հայտարարեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է մտցնել համընդհանուր հայտարարագրման համակարգ եւ 23 տոկոս եկամտային հարկով հարկել խոպանից ուղարկված գումարները, նաեւ հողից եկամուտ ստացող բոլոր գյուղացիներին:

Արարատ Միրզոյանը նշեց, որ զանազան գաղափարներ կարող են քննարկվել. «Ընդ որում քննարկումները կարող են մանիպուլատիվ տեսք ստանալ, կարող են աղավաղվել եւ մեկնաբանվել ոչ այնպես ինչպես կա: Բայց կարող են մեկնաբանվել նաեւ այնպես, ինչպես կա եւ արժանանալ մարդկանց կամ չարժանանալ մարդկանց հավանությանը: Միայն հանրության աջակցությանն արժանանալուց հետո դրանք կարող են կյանքի կոչվել»:

Անդրադառնալով կոնկրետ «խոպանչիներին» հարկելու նախաձեռնությանը, առաջին փոխվարչապետն ասաց, որ այն մի փոքր աղավաղվել և սխալ է մեկնաբանվում:

«Գաղափարը հետևյալն է. կա միտք ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, ու եթե դա կյանքի կոչվի, բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, ինչպես դա հիմա անում են համապատասխան պաշտոն զբաղեցնողները: Նախ պետք է հասկանալ, թե որքանով է Հայաստանը պատրաստ դրան, եւ նույնիսկ եթե այս գաղափարը կյանքի կոչվի, պետք է բացառվի որեւէ եկամտի կրկնակի հարկումը: Այսինքն չի կարող պատահել, որ որևէ մեկը իր եկամտից Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում հարկ է վճարում, ու մի հատ էլ Հայաստանում են հարկում:

Այս թեման նաև այլ նրբերանգներ ունի, չեմ ուզում խորանալ, քանի որ դեռ գաղափար է, պետք է քննարկվի, թե որքանով երկիրը կարող է շահել, քաղաքացիները որքանով կարող են շահել, որքանով՝ ոչ»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին