Կարևոր իրադարձություններ

«Մեր քաղաքական թիմն այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները». Նիկոլ Փաշինյան

19 Նոյեմբեր, 2018 12:49
«Մեր քաղաքական թիմն այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները». Նիկոլ Փաշինյան

Գեղարքունիքի մազի Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում հեղափոխություն իրականացրած քաղաքական թիմը այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները:

«Մենք խոստացել էինք, որ, եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը խաղաղ, ուղղակի հրապարակներում և փողոցներում արտահայտի իր կամքը, որ ուզում է իշխանության փոփոխություն, մենք այդ կամքը կդարձնենք իրականություն: Ընդ որում, մենք ասում էինք առանց բռնության: Այն ժամանակ ասում էին՝ ո՞նց առանց բռնության, հնարավոր չէ: Մենք ասում էինք, ոչ, մենք անելու ենք առանց բռնության, որովհետև մենք ձեզանից չենք ուզում որևէ զոհաբերություն: Մենք ընդամենը ասում էինք՝ ձեր կամքը ցույց տվեք փողոցներում և հրապարակներում, իսկ մենք երաշխավորում ենք, որ այդ կամքը կդարձնենք իրականություն, և մենք այդ կամքը դարձրեցինք իրականություն»,-  մանրամասնեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ խոստացել էին անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ: «Եվ այսօր այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ընթանում է հնարավոր ամենամեծ ծավալով ու թափով»,- ընդգծեց նա:

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ իրենք ասում էին, որ հասնելու են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: «Եվ հիշում ե՞ք, երբ ես հրաժարական էի տալիս, ժողովրդի շրջանում շատ մեծ անհանգստություն կար, բայց ձեր օգնությամբ, հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովը շրջափակած տասնյակ հազարավոր քաղաքացիների օգնությամբ մենք հասանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Հետևաբար, այն բոլոր խոստումները, որ մենք տվել ենք հեղափոխական այս փուլի համար, բոլորը կատարված են»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև շեշտեց, որ կատարել են իրենց ամենամեծ խոստումը, որ իշխանությունը վերադարձնելու են ժողովրդին: Նա շեշտեց, որ այս պահին բոլորի ճակատագիրը հենց ժողովրդի ձեռքերում է, քանի որ խորհրդարանը լուծարված է, իսկ ինքը վարչապետի պաշտոնակատար է, նախարարները նույնպես պաշտոնակատարներ են: «Ձեր բոլորի ձեռքում է մեր ճակատագիրը, բայց այս պահի դրությամբ մենք ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները լիարժեք կատարել ենք: Հիմա առաջիկայում մենք, ինչպես նաև քաղաքական այլ ուժեր, կգանք և ձեզնից մանդատ կխնդրենք: Մենք քաղաքական հեղափոխություն արել ենք և հիմա ձեզանից խնդրելու ենք մանդատ՝ տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար: Բայց որոշողը դուք եք, իշխանությունը ձերն է: Հեղափոխության առաջին և ամենակարևոր փուլն ավարտված է, որովհետև իշխանությունն ամբողջությամբ վերադարձված է ձեզ:

Ես երաշխավորում եմ, որ որևէ մեկը չի կարող որևէ վարչական լծակով, ընտրակաշառքով, սպառնալիքով հարկադրել ձեզ ընտրել որևէ մեկին: Հայաստանում տեղի են ունենալու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Հայաստանի Հանրապետության քաղաքացուն որևէ մեկը չի կարող ասել, թե նա ում ընտրի, որովհետև Հայաստանում ասողը քաղաքացին է: Թույլ չտաք, որ որևէ մեկը ձեզ ասի, թե դուք ում ընտրեք: Հետևեք քարոզարշավին, հետևեք քաղաքական ուժերին ու ինքներդ որոշեք, թե ում եք ուզում ընտրել: Եվ ում էլ դուք ընտրեք, ձեր ընտրությունը մեզ համար կլիմնի բարձրագույն և անբեկանելի որոշում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին