Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանը, որը կձևավորվի դեկտեմբերին, վստահաբար չի լինելու երկարաժամկետ կտրվածքով. Արմեն Աշոտյան

17 Նոյեմբեր, 2018 11:00
Խորհրդարանը, որը կձևավորվի դեկտեմբերին, վստահաբար չի լինելու երկարաժամկետ կտրվածքով. Արմեն Աշոտյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանրությանը հետաքրքրում է,թե ընտրություններին մասնակցող  քաղաքական ուժերը ի՞նչ խնդիր ունեն իրենց առջև, դրված և ի՞նչ են ցանկանում անել խորհրդարանում հայտնվելուց հետո:

Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Shabat.am լրատվականը զրուցեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանի հետ:

 - Պարո՛ն Աշոտյան, ո՞րն է ՀՀԿ-ի գլխավոր խնդիրը, զուտ խորհրդարանում հայտնվելը, թե՞ կոնկրետ որևէ տեղով՝ երկրորդ, երրորդ քաղաքական ուժ դառնալը:

-Այս վեց- յոթ ամիսների ընթացքում նոր իշխանությունների օրոք երկրում և երկրի շուրջ կուտակվել են բազում խնդիրներ, որոնք նախկինում կամ չեն եղել, կամ այդպիսի սրությամբ արտահայտված չեն եղել: Հատկապես հաշվի առնելով անվտանգության միջավայրը, և Արցախի   ապագայի հանդեպ հանրապետականների պատասխանատու վերաբերմունքը, նախ և առաջ  գիտակցելով նաև մեր պատասխանատվությունը գալիք սերունդների և այսօրվա  հասարակության առջև, մենք մասնակցում են խորհրդարանական ընտրություններին՝ որպես հնարավորություն բարձրացնելու հասարակության առջև այն տագնապները, այն մարտահրավերները, այն խնդիրները, որոնք ծագել են այս ամիսների ընթացքում՝ կապված նոր կառավարության կողմից  վարվող արտաքին և ներքին քաղաքականությունների հետ:

Թե ինչպիսի տեղ կգրավենք արդյունքում, ինչ մանդատ կունենանք  սա իհարկե նույնպես, որովհետև լինելով ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժ, մենք  առավել մեծ հնարավորություններ կունենանք պայքարելու բոլոր այն մարտահրավերների դեմ, որոնք ծագում են  այսօրվա ապիկար կառավարման պատճառով:

 - Քանի որ ՀՀԿ-ն ընդիմադիր ուժ է լինելու խորհրդարանում, ընդդիմադիր հայացքներ ունեն նաև «Լուսավոր Հայաստանն» ու «Սասնա ծռերը», եթե ՀՀԿ-ն, ինչպես նաև նշված ուժերը հայտնվեն խորհրդարանում, միասնաբար հանդես գալու, համագործակցելու հեռանկար կա՞ նրանց հետ:

- Այսօր վաղ է խոսել այն մասին, թե ում հետ կհամագործակցի Հանրապետականը, եթե հայտնվեն խորհրդարանում մի շարք ընդդիմադիր ուժեր: Պետք է սպասենք ընտրությունների արդյունքներին: Բայց կարող եմ սկզբունքները ասել.  քանի որ իշխաական դաշտը ակնհայտորեն  փակ է , ակնհայտ է, որ մնացած մասնակիցները ընտրարշավի, փորձելու են դիրքավորվել որպես ընդդիմադիր ուժ, այն դեպքում, երբ որ այս վեց-յոթ ամիսների ընթացքում կառավարության հանդեպ կտրուկ, սուր և բովանդակային քննադատությամբ է հանդես եկել բացառապես Հանրապետական կուսակցությունը: Ի տարբերություն այլ քաղաքական  ուժերի՝ մենք չենք համագործակցել և մաս չենք կազմել այս կառավաորության, հետևողականորեն քննադատել ենք ոչ միայն կառավարությանը ընդհանրապես, այլ կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բոլոր այն ուժերը, որոնք խորշելու են քննադատել Նիկոլ Փաշինյանին՝ վախենալով իր վարկանիշից՝ նշանակում է, որ չեն կարող դիտվել իրական ընդդիմադիր: Ես բացառում եմ համագործակցությունը  «Սասնա ծռեր»-ի հետ: Մնացած քաղաքական ուժերի հետ հնարավոր խորհրդարանական համագործակցությունը պետք է խարսխված լինի բացառապես մեկ սկզբունքի վրա՝ Հայաստանին և հայ ժողովրդին սպառնացող վտանգների շուրջ համախմբվելու  սկզբունքի վրա:

- Քանի որ ընդդիմության գլխավոր նպատակը իշխանություն դառնալն է, կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀԿ-ն ցանկանում է ապագայում կրկին իշխանություն դառնալ:

- Ցանկացած քաղաքական ուժի նպատակն է գալ իշխանության, և իշխանության միջոցով  իր ծրագրերը իրականացնելը: Այո՛, Հանրապետական կուսակցությունը պետք է մնա Հայաստանի քաղաքական դաշտում, որպես ամենափորձառու, ամենամրցունակ և մարտունակ թիմն ունեցող քաղաքական կուսակցություններից մեկը, որն իր կեցվածքով , իր անցած ճանապարհով, իր գիտելիքով և փորձով այլընտրանք պետք է դառնա այսօրվա իշխանություններին:

- Նոր ձևավորվող խորհրդարանը իսկապես կլինի՞ անցումային և կարճ կյա՞նք կունենա:

-Ակնհայտ է, որ հետհեղափոխական էյֆորիան չի մարել, և վարչապետի միահեծան որոշումը անցկացնել ընտրությունները, ոչ թե հաջորդ տարվա մայիս- հունիսին, այլ այս տարվա դեկտեմբերին, պայմանավորված է նախևառաջ իր մտավախությամբ՝ կորցնելու էյֆորիկ տրամադրությունները և մեր քաղաքացիների վստահությունը, ինչպես նաև կարծում եմ՝ այս  շտապողականության հետևում կան որոշակի աշխարհաքաղաքական խաղեր, որոնց սյուժեները նշմարվում են, որոնց սյուժեները լի են Հայաստանի և Արցախի համար տարբեր վտանգներով: Այն խորհրդարանը, որը կձևավորվի դեկտեմբերին վստահաբար չի լինելու երկարաժամկետ կտրվածքով  Հայաստանի հասարակության տրամադրությունները արտահայտող քաղաքական մարմին ;

- Կաթողիկոսին պետական միջոցներով պաշտպանելու առաջարկը  երեկ ԱԺ-ում մերժվեց: Ի՞նչ կարծիք ունեք այս որոշման վերաբերյալ:

-Մի կողմից զարհուրելի էր, իշխանության վերաբերմունքը այդ օրինագծի հանդեպ, մյուս կողմից կանխատեսելի: Այսօրվա իշխանությունը վերջին ամիսների ընթացքում աչքի է ընկել բացահայտ ագրեսիվությամբ Հայաստանի առաքելական սուրբ եկեղեցու և մեր  ազգային, ավանդական, պահպանողական արժեքների հանդեպ: Այդ ագրեսիվությունը դրսևորվել է տարբեր հարթակներում, այդ ագրեսիվությունը քողարկելու  կեղծավոր փորձեր են արվել անձամբ վարչապետի կողմից՝այցելելով վեհափառին և այլն: Տարաբնույթ  ելույթներ ունենալով ի պաշտոնե իբր թե ի պաշտպանություն եկեղեցուն, բայց երբ բանը հասավ ոչ թե խոսելուն այլ գործելուն՝ իշխանությունը լվաց իր ձեռքերը եկեղեցու առջև ստանձնած իր պատմական պարտավորությունից: Ցավալի է նման վերաբերմուքը մեր ազգային, հոգևոր արժեքների  հիմնական պահապան  ինստիտուտի հանդեպ: Սա է իրական դեմքը այսօրվա իշխանությունների, և ինչքան ուզում է Նիկոլ Փաշինյանը գնա ամեն օր Վեհափառի հետ լուսանկարվելու և պուպուշ բաներ ասելու՝ ակնհայտ է իր թիմի իրական վերաբերմունքը առաքելական եկեղեցու հանդեպ և առհասարակ այն ամենի հանդեպ, ինչ մեզ հայ է դարձրել և հայ է պահում:

 

Լրահոս

Դիտել ավելին