Կարևոր իրադարձություններ

Եթե այսօր Վեհափառը չի կարողանում շրջել ժողովրդի մեջ, դա իր պրոբլեմն է. Սասուն Միքայելյան

16 Նոյեմբեր, 2018 13:57
Եթե այսօր Վեհափառը չի կարողանում շրջել ժողովրդի մեջ, դա իր պրոբլեմն է. Սասուն Միքայելյան

Կաթողիկոսի անվտանգությունը պետք է պահպանի ժողովուրդը. եթե այսօր Վեհափառը չի կարողանում շրջել ժողովրդի մեջ, դա իր պրոբլեմն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: 

«Ելք»-ից Ալեն Սիմոնյանն էլ նշեց. «Այսինքն մենք Ամենայն հայոց կաթողիկոսին պետք է պաշտպանենք ամենայն հայոց ժողովրդի՞ց: Եթե կան ինչ-որ մարդիկ, որ կարող են ինչ-որ ոտնձգություն անել, կառավարությունը դրա պատասխանը տվել է: Վերածել սա, թե ով է ավելի քրիստոնյա, ես նման մոտեցմանը դեմ եմ, մնում էր կաթողիկոսին հայ ժողովրդից պաշտպանենք»:

ՀՀԿ-ից Մարգարիտ Եսայանն էլ ասաց, եթե կաթողիկոսին չենք պաշտպանում, ուրեմն եկեք վարչապետին էլ չպաշտպանենք հայ ժողովրդից. «Ումի՞ց է պաշտպանվում վարչապետը, հայ ժողովրդի՞ց»:

 ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը ասաց. «Ի՞նչ է նշանակում Վեհափառին պաշտպանենք համայն հայությունից: Ո՞վ է համայն հայության անունից խոսում: Կամ մեր մեջ խոսում է հայի արյունը, կամ այդ արյան փոխարեն ուրիշ բան է հոսում: Ամեն ինչին չափ ու սահման պետք է լինի: Այստեղ որեւէ այլ բան ասելը սրբապղծություն է, եւ մենք պետք է կողմ քվեարկենք այս օրենքին»:

ՀՀԿ-ից Հակոբ Հակոբյանն ավելի կտրուկ էր. «Մենք վեհափառին ժողովրդից չենք պաշտպանում, այլ պաշտպանում ենք սեռական եւ կրոնական փոքրամասնությունից, որոնք դրսից ֆինանսավորվում են եւ պայքարում են հայկական պետականության եւ հայ հավատքի դեմ»:

ՀՀԿ-ական պատգամավորները դա համարեցին սրբապղծություն, սատանայի ու սատանայապաշտների, գոմիկների ու կրոնական փոքրամասնությունների քարոզ:

Սամվել Նիկոյանն էլ հավելեց, որ խնդիր կա կաթողիկոսին պաշտպանել սատանաներից ու սատանայապաշտներից, որոնք «սնվում են դրսից եւ որոնց նպատակը մեր պետության ազգային արժեքները հարվածի տակ դնելն է»:

Քվեարկությունից հետո Սասուն Միքայելյանը անդրադառնալով օրինագծին կողք քվեարկած 28 ՀՀԿ-ականներին, ասաց. «Ես խորհուրդ կտայի հաջորդ խորհրդարանում այս 28 հոգուն դասել սրբերի դասին: Երկրորդ, իրենց կառավարության ժամանակ է ատելություն առաջացել կաթողիկոսի նկատմամբ: Նրանք պետք է այդ ժամանակ կարողանային կանխել դա: Եթե այսօր մեր կաթողիկոսը լիներ իր դիրքերում, երբեւիցե նման օրենք չէր մտնի ԱԺ: Մենք պաշտում ենք մեր եկեղեցին, բոլորս էլ առաքելական եկեղեցու հավատացյալ ենք: Մեռնեմ Աստծուն, ոչ թե ձեւական այս կարիերիստներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին