Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ կնոջը ծեծելու համար կասկածվող ամուսինը չի ձերբակալվել դեպքի օրը. պարզաբանում

15 Նոյեմբեր, 2018 11:55
Հեղինակ՝ Նելլի Դուրյան
Ինչո՞ւ կնոջը ծեծելու համար կասկածվող ամուսինը չի ձերբակալվել դեպքի օրը. պարզաբանում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը պարզաբանել է, թե ինչու նոյեմբերի 11–ին չի ձերբակալվել 20-ամյա կնոջը ծեծելու մեջ կասկածվող տղամարդը։

«Վերջին ժամանակներս տարբեր քաղաքացիների կողմից շաhարկվում է բռնություն գործադրած անձի նկատմամբ ոստիկանության կողմից մեղմ վերաբերմունք դրսեւորելու հանգամանքը, ինչը ըստ իրենց նպաստում է այդ բռնությունների շարունակականությանն ու անպատժելիության մթնոլորտի ձեւավորմանը: 

Մասնավորապես՝ խոսքը գնում է 11.11.2018 թ. քաղ. Ի.Նունուշյանի կողմից կնոջը՝ Ք.Իսկանդարյանին ձեռքով հարվածներ հասցնելու դեպքին, ինչի կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ հետաքննության տեսուչներն անձի ձերբակալում իրականացնում են այն դեպքում, երբ անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ կատարելուց հետո նրա փախուստը կանխել:

Տվյալ դեպքում ոստիկանության Շենգավիթի բաժնի իրավասու ծառայողների կողմից Ի.Նունուշյանի նկատմամբ ընտանիքում բռնության կանխարգելման ՀՀ օրենքի համաձայն՝ կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշման 2 տեսակի սահմանափակում, որը հանցագործության կատարման հնարավորության ռիսկը էապես նվազեցրել է, բացի այդ չի եղել նաեւ փախուստի վտանգ, ինչից ելնելով էլ ձերբակալում չի իրականացվել:

Ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպք գտնվում է ՀՀ ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում եւ ՀՀ ոստիկանությունը պատրաստակամությամբ իրականացնում է իրեն օրենքով վերապահված գործառույթները՝ ընտանիքում բռնության դեպքերը կանխարգելելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նելլի Դուրյանը:

Ավելի վաղ հայտնել ենք, 2018թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին, բժշկական կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնությունը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ աղջկա՝ ծնված 1998 թվականին: Աղջիկն ի վիճակի չի եղել բացատրություն տալու, սակայն, ըստ շտապօգնության բժշկի հայտարարության, նա ծեծի է ենթարկվել:

Հաջորդ օրը 20-ամյա կինը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Դեպքի կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում երիտասարդ կնոջ ամուսինը՝ ծնված 1988 թվականին, բացատրություն է տվել դեպքի առնչությամբ։

Կնոջ մահից հետո միայն տղամարդը ձերբակալվել է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին