Կարևոր իրադարձություններ

Ո՞ր ընտրատարածքում է առաջադրվելու Արարատ Միրզոյանը

14 Նոյեմբեր, 2018 14:11
Ո՞ր ընտրատարածքում է առաջադրվելու Արարատ Միրզոյանը

Այսօր առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ ինքը կառաջադրվի թիվ երեք՝ Շենգավիթ եւ Մալաթիա Սեբաստիա համայնքներն ընդգրկող ընտրատարածքում, որտեղից եւ նախորդ անգամ ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավոր էր ընտրվել։ 

Հարցին,  թե ՀՀԿ–ական պատգամավորներ կա՞ն «Իմ քայլը»  դաշինքի նախընտրական ցուցակում, Միրզոյանը պատասխանել է, որ 6-րդ գումարման ԱԺ տարբեր խմբակցությունների պատգամավորներ կան «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, ինչպես «Ելք»-ից, այնպես էլ մյուս խմբակցություններից։

Նա հորդորել է սպասել մինչեւ 14.00–ն, երբ ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվեն։

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը հերքել է  մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ընտրական ցուցակը դուր չի եկել եւ նա պատռել է այն։ «Նման բան չի եղել»,–ասել է նա։

Միրզոյանը հրաժարվել է  կանխատեսում անել, թե իրենց քաղաքական ուժը քանի տեղ կունենա ապագա խորհրդարանում. «Չափազանց անշնորհակալ գործ է կանխատեսում անելը, այս օրերի ընթացքում ես շատ տարբեր թվեր եմ լսում, ըստ էության անիրատեսական ցածրից մինչեւ ոչ ողջունելի բարձր, ինքս ձեռնպահ կլինեմ թիվ նշելուց»։

Միրզոյանն ընդգծել է՝ հստակ արձանագրել ենք, որ պետք է բացառել վարչական ռեսուրսի ապօրինի կիրառումը։

Նա ընդդիմություն կհամարի այն ուժերին, որոնք ընտրությունների արդյունքում կառավարության կազմում չեն լինի։

«Մեզ ձեւական, գրպանային ընդդիմություն պետք չի եղել եւ պետք չի լինելու»,–եզրափակել է նա։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին