Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կողմ կքվեարկեն 2019թ. պետական բյուջեի նախագծին

14 Նոյեմբեր, 2018 13:47
ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կողմ կքվեարկեն 2019թ. պետական բյուջեի նախագծին

Այսօր ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է.

«2019 թվականի պետական բյուջեն ոչ թե իներցիոն, այլ փոխանցիկ բյուջե է»:

 Նա հավելել է , որ այս բյուջեի ծնողներն՝ ԱԺ-ն ու Կառավարությունը, պաշտոնանկ ու ժամանակավոր են, բայց, միևնույն է, պետք է բյուջե հաստատեն։

«Մենք, բնականաբար, կողմ ենք քվեարկելու՝ ելնելով այն հանգամանքից, որ վերջին շնչում պետք չէ խնդիրներ ստեղծել։ Հուսով ենք՝ նոր կառավարությունը բյուջեի հիմնական շեշտադրումները կիրականացնի, իսկ նոր խորհրդարանը կվերահսկի»։

«Ծառուկյան» դաշինքի անունից խոսել է խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։ Նա նկատել է, որ խնդիրներ ու առաջընթացներ կան, և շեշտել է, որ իրենք կաջակցեն կառավարությանը։

 «Չենք կարող չաջակցել այս կառավարությանը, որ ապագայում գործունեություն ծավալի։ «Ծառուկյան» դաշինքը միանշանակ կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին»,- հայտարարել է Մելքումյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ գտնում է, որ այսօր խորհրդարանը քննարկեց տնտեսական քաղաքականութան համար մեկ փաստաթուղթը՝ 2019 թ․-ի բյուջեի նախագիծը։ Նա նշեց, որ համակարծիք չէ «իներցիոն» բյուջե որակմանը, քանի որ սա պետք է լիներ հեղափոխական բյուջե։

Միևնույն ժամանակ նա հայտարարեց, որ կողմ են քվեարկելու բյուջեի նախագծին Կառավարության աշխատանքը չխանգարելու համար։

ԱԺ «Ելք» խմբակցության անունից որևէ ելույթ չեղավ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին