Կարևոր իրադարձություններ

Ապօրինի շինությունների ապամոնտաժման գործընթացը կշարունակվի նաև ապագայում. Հայկ Մարության

13 Նոյեմբեր, 2018 16:40
Ապօրինի շինությունների ապամոնտաժման գործընթացը կշարունակվի նաև ապագայում. Հայկ Մարության

 

Շինության ապամոնտաժման երեկվա դեպքը միակը չէ, այս գործընթացը տեղի է ունեցել ամբողջ քաղաքում եւ տեղի է ունենալու ապագայում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով Գյուրջյան 1/3 հասցեում ապամոնտաժված շինության մասին։

«Մենք քանդման աշխատանքներ իրականացրել ենք միայն համայնքին պատկանող հողի վրա։ Բացի այդ, ես մեկ անգամ ասել էի, զգուշացրել էի, որ այսուհետ ապօրինի շինարարություն չի լինելու, մարդիկ կարծես թե լուրջ չեն վերաբերվում դրան, իրենց թվում էր, թե սա ասվում էր ասելու համար»։

Քաղաքապետի խոսքով՝ որպես քաղաքապետ պաշտպանելու է քաղաքի բնակիչների ու համայնքի շահերը. «Ես այստեղ եմ, որ օրինականությունը պահեմ, եւ ներկայացնեմ մեր բնակիչների ու մեր համայնքի շահերը, ուստի այստեղ շեղումներ չեն լինելու»։

Հարցին, թե առաջիկայո՞ւմ էլ ականատես կլինենք ապամոնտաժման նմանատիպ աշխատանքներին, քաղաքապետն ասաց. «Եթե ապօրինի սկսեն կառուցել, այո՛, տեղի է ունենալու նույն բանը։ Մեզ մոտ հիմա աշխատում է շատ լավ մեխանիզմ օրինական շինարարությանը նպաստելու համար։ Եկեք, դիմեք, եւ եթե ձեր շինարարությունը համապատասխանում է նորմերին, ապա կստանանք համապատասխան թույլտվությունը» ։

Նրա խոսքով՝ այն շինությունները, որոնք արդեն իսկ կառուցված են, եւ դիմելու են օրինականցման, մեկ առ մեկ դիտարկվելու են։

Լեոյի փողոցի բարաքների մասին հարցին Մարությանը նշեց, որ պարբերաբար այցելում է այդ տիպի վայրերը եւ քաջատեղյակ է՝ ինչ է կատարվում Երեւան քաղաքում. «Մենք ստացել ենք այս ժառանգությունը, բայց պետք է ձգտենք շտկել այդ»,–եզրափակեց նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին