Կարևոր իրադարձություններ

Ստորագրվել է Երևանի տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման համաձայնագիրը

13 Նոյեմբեր, 2018 16:20
Ստորագրվել է Երևանի տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման համաձայնագիրը

Նոյեմբերի 13-ին ստորագրվել է Երևան քաղաքի տարածքում 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ «Փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագիրը» և «Փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրին» հավելյալ համաձայնագիրը:

 ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, համաձայնագրերը ստորագրել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին և «Արմփաուեր» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Քրիստիան Կուկուռակին։ Ստորագրման արարողությանը ներկա էր նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ներդրումային ծրագրում ներգրավված են իտալական «Ռենկո», իտալական պետական «Սիմեստ» ու գերմանական «Սիմենս» ընկերությունները։ Ջերմաէլեկտրակայանը կկառուցվի 26 ամսվա ընթացքում ու այլ ջերմաէլեկտրակայանների համեմատ էլէներգիայի արժեքը կլինի ամենացածրը՝ 27,4 դրամ 1 կիլովատտ/ժամի համար։ Նոր ՋԷԿ-ի շինարարության մեջ կներգրավվի 1000-1200 մարդ, շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ։ Կայանի կառուցումը նախատեսվում է սկսել ֆինանսական ամփոփումից հետո:

 

Լրահոս

Դիտել ավելին