Կարևոր իրադարձություններ

Շատ ճիշտ որոշում էր. Կամո Արեյանը՝ Նոր Նորքում ապօրինի շինության ապամոնտաժման մասին

13 Նոյեմբեր, 2018 15:16
Շատ ճիշտ որոշում էր. Կամո Արեյանը՝ Նոր Նորքում ապօրինի շինության ապամոնտաժման մասին

Նոր Նորքում ապօրինի շինության ապամոնտաժման որոշումն օրինաչափ է եւ շատ ճիշտ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13–ին քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը։

Նրա խոսքով՝  քանդման աշխատանքներից հետո կառուցապատողների դրսեւորած վարքագիծն անընդունելի է։ Շատ ճիշտ որոշում էր, ապօրինի շինությունն օրենքով արգելվում է, անկախ այն բանից՝ հողը սեփական է, թե համայնքային։ Երեկվա դեպքն ընդգծված ապօրինություն էր, քաղաքապետարանի բոլոր գործողությունները եղել են իրավաչափ, օրինաչափ և ճիշտ,- ընդգծեց Արեյանը:

Կոչ անելով քաղաքացիներին, զերծ մնալ ապօրինի շինություններից, Արեյանը նշեց՝ «Բոլորս միահամուռ դեմ ենք ապօրինի շինարարությանը, դեմ ենք ապօրինի հողազավթումներին, եւս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում՝ զերծ մնալ ապօրինի շինարարությունից եւ հողազավթումից։ Կպատժվեն օրենքով նախատեսված կարգով»։

Դիտարկմանը, թե ապօրինի շինարարությունը եղել է նաև նախորդ իշխանությունների օրոք, Արեյանն ասաց.

«Ես չեմ ասում, որ նախկինում խնդիրներ չեն եղել, եղել են. եղել են եւ ապօրինի հողազավթումներ, շինարարություններ, եղել են քանդումներ, բայց հիմա խնդիրը դրված է շատ հստակ՝ գիծ քաշել, բացառել ապօրինի հողազավթումն ու ապօրինի հողաշինարարությունը։ Նախկինում էլ այդ գիծը հստակ եղել է, բայց էլի եղել են մարդիկ, ովքեր սողոսկել, անցել են։ Միշտ էլ այդ երեւույթը եղել է քաղաքում, բայց մեկ անգամ պետք է հստակ վճռականություն եւ կամք դրսեւորել այդ երեւությը բացառելու համար»,- ասաց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին