Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետն ավարտելու բավարար ռեսուրս. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Բելառուսի նախագահին

13 Նոյեմբեր, 2018 14:43
Հայաստանն ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետն ավարտելու բավարար ռեսուրս. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Բելառուսի նախագահին

Հայաստանը կարող է վերահաստատել, որ ունի բավարար ռեսուրս՝ ավարտելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը: Նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե պետք է հասկանալ՝ կարո՞ղ է անցումային փուլում գտնվող Հայաստանը շարունակել կրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու, ԵԱՏՄ-ում նախագահության ծանրաբեռնվածությունը:

Խոսելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարության մասին, թե ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը՝ Աննա Նաղդալյանը նշեց, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի շուրջ նոյեմբերի 8-ին կայացած քննարկումների ընթացքում որոշում է կայացվեց քննարկումները տեղափոխել դեկտեմբերի 6 այն պատճառով, որ որևէ կոնսենսուս ձեռք չի բերվել այդ հարցի շուրջ: «Մենք, բնականաբար, ունենք տեսակետներ հարցի լուծման առնչությամբ, որոնք պարտադիր չէ, որ համընկնեն մյուս երկրների տեսակետների հետ»,- շեշտեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

«Հայաստանը՝ որպես երկիր, որը իր ներդրումն է ունենում կառույցի ամրապնդման գործում, լիարժեքորեն կարող է վերահաստատել, որ ունի բավարար ռեսուրս՝ ավարտելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը: Բայց դրանից առաջ պետք է որոշել, թե նորմատիվ իրավական առումով ինչպես են կարգավորվում այն հարցերը, որոնք կապված են գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման հետ»,- ասաց Նաղդալյանը:

 Հարցին, թե ինչպե՞ս է ՀՀ-ն արձագանքում այն հանգամանքին, Նաղդալյանը պատասխանեց, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահը կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ կապված քննարկումները ներկայացնում է կազմակերպության անդամ չհանդիսացող Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը:

«Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես հավաքական անվտանգության օրակարգի շուրջ քննարկումների հարթակ, որը վերաբերվում է անդամ 6 պետություններին: Եվ, բնականաբար, այս զարգացումը ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ շրջանակներում դեռևս նմանօրինակ զարգացումների վերաբերյալ քննարկումների անհրաժեշտություն կա: Սա ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ-ը իր ներսում խնդիրներ ունի շտկելու: Ինչ վերաբերվում է այս իրադրությանը, պետք է նշեմ, որ դա, ի վերջո, կոռեկտ չէ»,- պատասխանեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Եզրափակելով խոսքը՝ Աննա Նաղդալյանը ասաց, որ Հայաստանի համար գերակա առաջնահերթություն է ՀԱՊԿ ամրապնդումն ու արդյունավետության բարձրացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին