Կարևոր իրադարձություններ

Չեմ ներելու ,եթե ձեր գործունեությամբ արատավորեք համակարգի հեղինակությունը. Օսիպյան

09 Նոյեմբեր, 2018 20:36
Չեմ ներելու ,եթե ձեր գործունեությամբ արատավորեք համակարգի հեղինակությունը. Օսիպյան

Նոյեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է գործող և կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողների։ Ընդունելության եկածների մեծ մասը, պայմանավորված տարբեր հանգամանքներով, ցանկություն էին հայտնել ներկայիս ստորաբաժանումից տեղափոխվել այլ ստորաբաժանում։

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության պետը, կարևորելով կադրերի ճիշտ տեղաբաշխումը և իր կողմից կայացվող որոշումների օբյեկտիվությունը, տարաբնույթ հարցեր ուղղեց ընդունելության եկածներին՝ համոզվելու՝ արդյո՞ք նրանք զինված են նեղ մասնագիտական գիտելիքներով, տիրապետո՞ւմ են այն տարածքների օպերատիվ իրավիճակին և առանձնահատկություններին, որտեղ պետք է ծառայեն։ 

Ոստիկանության պետը, համոզվելով, որ նրանք կարող են պատասխանատվությունը պատվախնդրորեն ստանձնել, ստորագրել է հրամանները՝ կոնկրետ ցուցումներ ու հրահանգներ տալով։ 

Հատկապես հանգամանալից էր Վալերիյ Օսիպյանի և կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողների հետ զրույցը։ Ռեզերվում հայտնվելու և շարք վերադառնալու պատճառներին ծանոթանալուց և վերլուծելուց հետո՝ ոստիկանության պետը ստորագրել է նաև նրանց հրամանները՝ հույս հայտնելով, որ նրանք բարեխիղճ ծառայությամբ կհաստատեն իր որոշման անսխալությունը։ Վալերիյ Օսիպյանը վերականգնվողներին հիշեցրել է, որ ծառայության են անցնում նոր ոստիկանությունում, որի պատիվն արատավարող ցանկացած արարք պատժվելու է խստագույնս։ «Հաշվի չեմ առնի ո՛չ ձեր ծառայողական կենսագրությունը, ո՛չ բազմամյա փորձը, ո՛չ էլ ընտանեկան դրությունը. ինձ համար առաջնայինը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումն է, եթե ձեր գործունեությամբ արատավորեք համակարգի հեղինակությունը, չեմ ներելու»,- բոլորին նախազգուշացրել է ոստիկանության պետը։ 

Ընդունելության ավարտին Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամներին՝ պարզաբանելով, որ նրանց ներկայությունը այդ գործընթացին իրեն ավելի է պարտավորեցնում կայացնել ճիշտ որոշումներ։

 

Լրահոս

Դիտել ավելին