Կարևոր իրադարձություններ

Իրականում ի՞նչ է կատարվել Դաշտ գյուղի դպրոցում

09 Նոյեմբեր, 2018 14:25
Իրականում ի՞նչ է կատարվել Դաշտ գյուղի դպրոցում

Այսօր ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանն   ֆեյսբուքյան  իր էջում գրառում է կատարել, նշելով որ Դաշտ գյուղում խաթարվել է դասապրոցեսը, որի պատճառը երեկ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից նույն գյուղի դպրոցի տնօրենի ազատման հրամանագիրն է, և կոչ էր արել մարզպետին գնալ և տեղում հանդիպել ուսուցիչների և աշակերտների հետ.  

« Դաշտ գյուղի ժողովուրդը, մանկավարժներն ու ծնողները Ձեզանից պետք է լսեն, թե ինչու եք երեկ ազատել դպրոցի տնօրենին, կարծում եմ ճիշտ եք արել, բայց անհրաժեշտ է հասարակության առաջ այդ որոշումը հիմնավորել»,- նշել էր նա:

 Shabat.am լրատվականը այս թեմայով զրուցեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ, ով անդրադառնալով  ստեղծված իրավիճակին՝ նշեց.

«Նախ ուզում եմ նշել, որ Դաշտ գյուղի դպրոցի տնօրենը աշխատանքից չի ազատվել, պարզապես  պաշտոնավարման համար սահմանված հինգ տարի ժամկետն է լրացել,և  մենք հիմա նշանակել ենք ժամանակավոր պաշտոնակատար, մրցույթ է հայտարարվելու , իսկ  մնացածը արդեն  կլինի ըստ օրենքի ընթացակարգի»:

 

 Հարցին, թե մարզպետը կհետևի՞ Անահիտ Բախշյանի հորդորին՝ գյուղ այցելելու, և այս ամենը անձամբ փոխանցելու բնակիչներին, Համբարձում Մաթևոսյանը պատասխանեց,

«Ես հենց այսօր էլ այդ թեմայով հեռախոսային զրույց եմ ունեցել Անահիտ Բախշյանի հետ, նույն բանը իրեն էլ եմ ասել, որ ապատեղեկատվություն է այն լուրը, թե տնօրենը ազատվել է իմ կողմից ստորագրված հրամանագրով և նրա փոխարեն նոր մարդ է նշանակվել: Մենք քննարկել ենք այդ հարցը, կարծում եմ՝ նա նոր գրառում կանի դրա վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերվում է բնակիչների հետ հանդիպմանը՝ ես երեկ ամբողջ օրը Դաշտ գյուղում եմ եղել, հանդիպումներ եմ ունեցել բոլոր՝ և այս ամենից դժգոհ, և գոհ, երրորդ՝ անկողմնակալ կողմերի հետ: Նշեմ նաև, որ ժամանակավոր պաշտոնակատարը հենց չեզոք կողմից է ընտրվել, ով կապ չունի ոչ մի կողմի հետ: Նա կպաշտոնավարի մինչև մրցույթի ավարտը»:

Մեր հարցին, թե ի վերջո ի՞նչ խնդիր կա այդ դպրոցում, ինչու՞ է այնտեղ ստեղծվել նման մթնոլորտ, մարզպետը պատասխանեց.

«Հենց այդ խնդիրները պարզելու համար էլ նշանակվել է ուսումնասիրություններ, դրանից հետո արդեն ամեն ինչ ավելի հստակ կլինի»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին