Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանը մասնակցել է Երևանի հանգստի նոր գոտիների բացմանը

07 Նոյեմբեր, 2018 19:43
Հայկ Մարությանը մասնակցել է Երևանի հանգստի նոր գոտիների բացմանը

Երևանում այսօր շահագործման են հանձնվել հանգստի երկու գոտիներ: Նոր այգիների պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով բարեկարգված Կոմիտասի անվան զբոսայգում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ: Քաղաքապետը շրջել է այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Ծրագրի շրջանակում այգում տեղադրվել են զրուցատաղավարներ, նստարաններ, մանկական խաղեր, կառուցվել է ջրավազան, հասարակական զուգարան: Հանգստի գոտին լուսավորվում է ժամանակակից էներգախնայող լուսատուներով: Զբոսայգին հարմարեցված է նաեւ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար, տարբեր հատվածներում կառուցվել են թեքահարթակներ:

Առաջին սմարթ այգին Երեւանում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում կառուցված այգին Բադալյան ընտանիքի նվերն է Երեւանի ծննդյան 2800-ամյակի առթիվ: Հիմնովին վերափոխված շուրջ 1 հա տարածք ունեցող հանգստի գոտին իր տեսակով առաջինն է Երեւանում: Ծրագրի շրջանակում առանձնակի կարեւորվել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, այգին ունի արեւային էներգիայով սնուցվող համակարգեր, որոնք կապահովեն գիշերային լուսավորությունը եւ, ընդհանրապես, այգու էներգամատակարարումը:Հանգստի գոտին նաեւ երեւանյան առաջին այգին է, որտեղ կիրառվել են տեխնոլոգիական նոր մոտեցումներ ու խելացի լուծումներ: Այգու արտաքին լուսավորությունն ապահովող լամպերն ինքնակառավարավող են եւ ուժեղ են լուսարձակում բացառապես այն դեպքում, երբ տարածքում այցելուներ կան:

Շնորհակալություն հայտնելով Բադալյան ընտանիքին նախաձեռնության համար՝ Հայկ Մարությանը նշել է, որ ժամանակակից նմանատիպ մոտեցումներն ու լուծումները պետք է կիրառելի դառնան նաեւ երեւանյան մյուս հանգստի գոտիներում:

«Սա Երևանը սիրելու ամենալավ միջոցն է և այն արտահայտելու ամենալավ ձևը, որ մարդիկ սեփական միջոցներով այսպիսի լավ նվերներ են անում Երևանին: Վստահ եմ՝ երեւանցիները մեծ հաճույքով շատ լավ ժամանակ կանցկացնեն այս այգում: Շատ մեծ աշխատանք է կատարված, և շատ ողջունելի է, որ այգում նորագույն տեխնոլոգիաներ են կիրառվել, օգտագործվում է նաեւ արևային էներգիան: Սա հենց այն է, ինչին պետք է ձգտենք, որ հետագայում Երևանում բոլոր այգիները հագեցած լինեն այս տեխնոլոգիաներով»,- նշել է քաղաքապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին