Կարևոր իրադարձություններ

Իրականում ու՞մ էր ուղղված Ալիևի երեկվա հայտարարությունը

07 Նոյեմբեր, 2018 14:45
Իրականում ու՞մ էր ուղղված Ալիևի երեկվա  հայտարարությունը

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  Աղդամի Մուղամի բացման արարողության ժամանակ  հայտարարել է.

«Հայաստանի նոր ղեկավարությունը չպետք է կրկնի նախկին հանցավոր ռեժիմի սխալները: Նա պետք է կարճ ժամանակում բանակցային ճանապարհով օկուպացիոն ուժերը դուրս բերի մեր հողերից և Ադրբեջանի քաղաքացիներին հնարավորություն տա վերադառնալ իրենց հարազատ, պատմական հողեր »:

Նա նշել էր նաև՝ «սրանից  երկու տարի առաջ մենք ցուցադրեցինք, որ ռազմական ճանապարհով կարող ենք ազատագրել մեր հողերը»:

Քաղաքական ի՞նչ ենթատեքստ ունի այս հայտարարությունը և իրականում ու՞մ էր ավելի շատ այն ուղղված, ներքի՞ն լսարանին, թե՞ հենց Հայաստանի իշխանություններին:

Shabat.am  լրատվականը այս թեմայով զրուցել է ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանի հետ, ով անդրադառնալով Ալիևի հնչեցրած այս մտքերին՝ նշեց.

«Ակնհայտ էր, որ դա ուղղված էր իրենց ներքին լսարանին, միևնույն ժամանակ դա լսեցին և ուշադրություն դարձրեցին բոլորը, այդ թվում՝ Երևանը: Կարծում եմ, որ ավելի լավ  ու կառուցողական կլիներ, եթե  ինքը հավատարիմ մնար  Դուշանբեում Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և դուրս չգար այդ տրամաբանությունից:  Մենք տեսնում ենք, որ այդ պայմանավորվածությունները քիչ թե շատ իրագործվում են , համենայն դեպս հայկական կողմը հաստատ հավատարիմ է պայմանավորվածություններին: Այդ առումով փոքր ինչ անհասկանալի է Ադրբեջանի ետ վերադարձը հին հռետորաբանությանը»:

Անդրադառնալով հետագա բանակցությունների վրա այս հայտարարության ազդեցությանը՝ Վլադիմիր Կարապետյանը նշեց.

«Բոլորն էլ հասկանում են, որ բանակցությունները տեղի կունենան  ընտրություններից հետո, ուստի պետք չէ դրանք  տանել  այնպիսի մթնոլորտի ձևավորմամբ, որը չի նպաստելու նոր պայմանավորվածությունների ձեռքբերմանը, ավելի ճիշտ՝  խաղաղ բանակցությունների էֆեկտիվ շարունակությանը»:

Հարցին, թե ինչպիսի՞ն  պետք է լինի Հայաստանի պատասխանը այս հայտարարությանը, մեր զրուցակիցը նշեց.

«Թող իշխանությունները որոշեն: Կարծում եմ, քանի դեռ Դուշանբեի պայմանավորվածությունները ուժի մեջ են, քանի դեռ իրական կյանքում, փաստացի  դրանք չեն խախտվում, ես անգամ կանտեսեի: Միևնույն ժամանակ բանակի բարձր  պատրաստվածությունը այս պարագայում անհրաժեշտություն է  և հատուկ ուշադրություն պետք է դարձնել դրան, ինչը և արվում է՝ մասնավորապես Արցախ կատարված  վերջին այցելությունն  ու խորհրդակցությունը՝   Հայաստանի և Արցախի ղեկավարությունների  միջև» :

 

Լրահոս

Դիտել ավելին