Կարևոր իրադարձություններ

«Վեոլիա Ջուր»-ը տուգանվեց 20 միլիոն դրամով

07 Նոյեմբեր, 2018 13:54
«Վեոլիա Ջուր»-ը տուգանվեց 20 միլիոն դրամով

«Վեոլիա Ջուր» ընկերությունը ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից տուգանվեց 20 միլիոն դրամի չափով` գերիշխող դիրքի չարաշահման համար: Այս մասին հայտնում է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքով՝ հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Վեոլիա ջրի» կողմից ներմուծված ջրաչափերը եռակի գերազանցում են տեղական շուկայի նոր արտադրանքի գներին:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը դրսևորել է ոչ ռացիոնալ վարքագիծ, ջրաչափերի ներմուծումներ է իրականացրել առավել բարձր գներով, երբ կարող էր դրանք ձեռք բերել տեղական շուկայում գործող տնտեսավարողներից: Հանձնաժողովը գտնում է, որ այստեղ կա մրցակցության խնդիր և հանձնարարում է դադարեցնել նման վարքագիծը»,-ասաց Շաբոյանը:

«Արազեն» հայ-գերմանական ընկերությունը, որը զբաղվում է ջրաչափերի արտադրությամբ, դիմել է ՏՄՊՊՀ` «Վեոլիա Ջրի» պատճառով  ոչ մրցակցային իրավիճակում հայտնվելու և գործունեությունը դադարեցնելու պատճառով: «Արազեն» հայ-գերմանական ընկերության հիմնադիր-տնօրեն Արա Սանթրոսյանն ասաց, որ իրենց ընկերության կողմից արտադրված ջրաչափերը ոչնչով չեն զիջում Չինաստանից, Իսպանիայից ներկրված ջրաչափերին:

 «Արազեն»-ի դիմում –բողոքի համաձայն` «Վեոլիա ջուր» ընկերությունը մեկ տարվա ընթացքում ներկրել է ավելի քան 30 հազար ջրաչափ և գնման գործընթացում չի եղել հրապարակային, ընկերությունը հնարավորություն չի տվել այլ տնտեսվարողի իր արտադրանքն իրացնել: 2017 թվականին «Վեոլիա Ջրի» կողմից ներմուծված ջրաչափերի միջին գինն, ըստ տեսակների, կազմել է 8400 և 9500 դրամ, այն դեպքում, երբ տեղական շուկայում նույն ջրաչափերի միջին արժեքը սկսվել է 3200 դրամից մինչև 7000 դրամ: Արդյունքում, միայն մեկ տարվա կտրվածքով ընկերությունը ջրաչափերի ձեռք բերման համար վճարել է 100 միլիոն դրամ ավելի, որը հետագայում ներկայացրել է որպես ներդրումային ծախս:

 

Լրահոս

Դիտել ավելին