Կարևոր իրադարձություններ

«Ես այլ բան կարող եմ ասել». ՀՔԾ նախկին պետը մարտի 1-ի դեպքերի մասին «Ժողովուրդ»

07 Նոյեմբեր, 2018 08:40
«Ես այլ բան կարող եմ ասել». ՀՔԾ նախկին պետը մարտի 1-ի դեպքերի մասին «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով, ինչպես հայտնի է, օրերս հերթական աղմկահարույց բացահայտումը եղավ: ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ՀՔԾ նախկին քննիչ Վահագն Հարությունյանին ապացույցներ կեղծելու համար: Ու քանի որ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ՀՔԾ ղեկավարը Անդրանիկ Միրզոյանն էր, կեղծված ապացույցներով գործն էլ քննվել է նրա ղեկավարած կառույցում, «Ժողովուրդ» օրաթերթը Միրզոյանին հարցրել է՝ ի՞նքն է արդյոք հրահանգել այդ քայլին դիմել, թե՞ ուրիշ մարդ:

«Իմ պատասխանը սուբյեկտիվ կլինի եւ ինչ որ տեղ կխոչընդոտեմ քննության օբյեկտիվ իրականությանը, ավելի լավ է` այդ հարցը ուղղեք քննչական մարմիններին: Ես այլ բան կարող եմ ասել. երբ 2007 թվականին հիմնադրվել էր ՀՔԾ-ն, այն տեղադրված էր ՀՀ գլխավոր դատախազության շենքում ու դա ընկալվում էր դատախազության կցորդ: Աշխատասենյակներ չկային, համազգեստ, հաստիքների պակասություն, անընդհատ գրավոր գրել եմ այստեղ, այնտեղ, ՀՀ կառավարությանը, որ հարցը լուծեն, բայց այդպես էլ հարցը չլուծվեց, եւ այդպես դարձա բոլորի թշնամին:

2013 թվականին արդեն պարոն Կուտոյանի հորդորով դիմում գրեցի եւ դուրս եկա ու սկսեցին իմ նկատմամբ անհիմն հետապնդումները»: Միաժամանակ Միրզոյանն ասել է, թե մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն իրեն գործողությունների մասին չի զեկուցել, ինքը որեւէ հրահանգներ չի տվել:

Այլ կերպ ասած` ՀՔԾ նախկին պետը, ըստ էության, մեկուսացվել է այս գործի նախաքննությունից: Ու եթե հիշենք, թե այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ինչպիսի ակտիվություն էր ցուցաբերում, դժվար չէ կարծիք կազմել, որ այս գործը քննվել է հենց նրա անմիջական հսկողության տակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին