Կարևոր իրադարձություններ

«Զոհվածների հարազատների կարծիքը պետք է հաշվի առնել»․ Օսիպյանը՝ «Սասնա ծռերին» համաներումով ազատելու վերաբերյալ

06 Նոյեմբեր, 2018 13:04
«Զոհվածների հարազատների կարծիքը պետք է հաշվի առնել»․ Օսիպյանը՝ «Սասնա ծռերին» համաներումով ազատելու վերաբերյալ

 

Նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում  լրագրողների հետ ճեպազրույցում  ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ համաներման արդյունքում կարող են պատժից ազատվել նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամները, որոնք ժամանակին իրեն պատանդ էին պահել ասաց, որ ինքը որպես իրավապահ համակարգի ներկայացուցիչ կարծում է , որ յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև։

Հարցին՝ այդ դեպքում դե՞մ է համաներմանը, հաշվի առնելով, որ, օրինակ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհվածների հարազատները եւս դեմ են արտահայտվել նրանց պատժից ազատվելուն, Օսիպյանը պատասխանեց. «Ես կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունը, նրանց կարծիքը։ Մենք կորցրել ենք ընկերներ, կորցրել ենք մեր լավագույններին ու այս պահի դրությամբ համաներման տեքստում նաեւ նշված է, որ թե′ պատանդների կարծիքը, թե′ զոհվածների հարազատների կարծիքը պետք է հաշվի առնել: Ես կողմ եմ այդ կարծիքին: Նաեւ իմ եւ մյուս մեր ընկերների կարծիքը, որոնք պատանդ են եղել, պետք է հաշվի առնել», - ասաց Վալերի Օսիպյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ «Սասնա ծռերից» Պավլիկ Մանուկյանը պնդում է, որ Վալերի Օսիպյանն այդ օրերին պատանդ չի եղել, իրենց հետ կերել-խմել է, ոստիկանապետն արձագանքեց. «Էլ բան ու գործ չունեի՞, 7-8 օր մնացել եմ էնտեղ՝ գործերս թողած»։

Նա նշեց, որ համաներման վերաբերյալ իր կարծիքն արտահայտել է Կառավարության դռնփակ նիստի ժամանակ. «Ես բավարարված եմ համաներման տեքստով», - ասաց Վալերի Օսիպյանը:

Նա խոսեց նաեւ համաներումից հետո հանցավորության մակարդակը բարձրանալու մասին՝ նշելով. «Միանշանակ ռիսկեր կան, որ համաներումից հետո մենք կունենանք կրկնահանցագործություններ, բայց ես ողջունում եմ համաներումը, դա մարդասիրական մոտեցում է։ Չեմ բացառում նաև, որ շատերն ուղղվել են: բայց նաեւ չբացառենք, որ կարող են լինել կրկնահանցագործություններ: Ոստիկանությունը կիրականացնենք պրոֆիլակտիկ աշխատանքներ, որ կրկնահանցագործություններ չկատարեն ու նորից չհայտնվեն քրեակատարողական հիմնարմներում», - եզրափակեց Օսիպյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին