Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ ձևաչափով կմասնակցի «Ազատ դեմոկրատներ»-ը առաջիկա ընտրություններին

06 Նոյեմբեր, 2018 13:12
Ի՞նչ ձևաչափով կմասնակցի «Ազատ դեմոկրատներ»-ը առաջիկա ընտրություններին

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը ակտիվ քննարկումների փուլում են, թե ինչ ձևաչափով և  ընտրացուցակներով են մասնակցելու առաջիկա ընտրություններին:

Shabat.am լրատվականը զրուցեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանի հետ, ով  անդրադառնալով իրենց կուսակցության մասնակցության ձևաչափին՝ նշեց.

«Այս պահին մեր կուսակցությունում  քննարկումներ են գնում ձևաչափի հետ կապված, քննարկվում են նաև ընտրությունների հետ կապված մնացած մանրամասները: Առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ, որտեղ հստակ կնշվի ինչ ձևաչափով և ինչ ծրագրերով կգնանք արտահերթ խորհրդարանական ընտրություններին»:

Հարցին, թե այնուամենայնիվ «Ազատ դեմոկրատները» ավելի շատ հակված է որպես առանձի՞ն կուսակցություն մասնակցել առաջիկա ընտրություններին, թե՞ որևէ այլ քաղաքական ուժի հետ համատեղ, կուսակցության փոխնախագահը նշեց.

«Այս հարցի վերաբերյալ կարծիքները տարբեր են եղել: Կարծիքներ կան, որ անհրաժեշտ է մասնակցել առանձին կուսակցության ցուցակով՝ ցուցակի շուրջ  կոնսոլիդացնելով անհատների, հասարակական գործիչների: Կարծիքներ կան դաշինքով, այսնիքն,  ավելի մեծ միավորումներով մասնակցել ընտրություններին: Իհարկե բոլոր կարծիքներն էլ քննարկվում են և առաջիկայում հենց այդ կարծիքների բյուրեղացումից ու նաև  այլ քաղաքական ուժերի, առանձին քաղաքական գործիչների հետ քննարկումները կբերեն այդ կարծիքների վերջնական եզրահանգման: Մենք չենք փակել դռները որևէ համագործակցության ու քննարկման առաջ»:

Հարցին, թե  Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին նախագծի չընդունումը, ընտրություններին մասնակցության առումով որևէ լուրջ խոչընդոտներ ստեղծե՞լ է  կուսակցությունների, մասնավորապես «Ազատ դեմոկրատներ»-ի համար, Անժելա Խաչատրյանը պատասխանեց.

«Կարող եմ ասել, որ հիմնական խորչընդոտը, ոչ միայն մեր, այլև մյուս կուսակցությունների համար ռեյտինգային ընտրակարգն է, որի մասին մենք հիմա չէ, որ բարձրաձայնում ենք: Մենք մեր տեսակետը այս մասով հայտնել ենք նաև 2016-ին , երբ այս օրենսգիրքը քննարկվում և ընդունվում էր: Խնդիրն այն է, որ այս պարագայում ծրագրային և գաղափարական պայքարը  մղվում է  երկրորդ պլան, և առաջին պլան են գալիս անհատները: Այս ընտրակարգը  անգամ ժողովրդավարական ընտրություններն է տանում ապաքաղաքական դաշտ: Սակայն, մյուս կողմից էլ կարող եմ ասել, որ նոր իշխանությունը ունի բավարար կամք, որպեսզի  ռեյտինգային համակարգի արատավոր երևույթները չարտացոլվեն: Կարծում եմ՝ ամեն դեպքում անհատների գործոնը դեռ կաշխատի այս ընտրություններում, քանի որ շատ ժամանակ չի անցել, և քաղաքացիական գիտակցումն էլ, ընտրության քվեի կարևորությունն էլ դեռևս  շատ չի արմատավորվել մարդկանց մեջ»:

 

Լրահոս

Դիտել ավելին