Կարևոր իրադարձություններ

Իրանի շուրջ զարգացումները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն․ Կարեն Նազարյան

06 Նոյեմբեր, 2018 12:17
Իրանի շուրջ զարգացումները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն․ Կարեն Նազարյան

Այսօր ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը, անդրադառնալով Իրանի շուրջ զարգացումներին, այն Հայաստանի համար որակեց որպես կենսական նշանակության հարց՝ հավաստիացնելով, որ իենք մշտական կապի մեջ են իրանցի գործընկերների հետ։

 «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ  Միքայել Մելքումյանն էլ նկատեց, որ Հայաստանը շարունակում է գազ ստանալ Իրանից եւ դա սանկցիաների ռեժիմում դեռ չի տեղավորվում. «Որոնք են այն ռիսկերը, որ որոշ ժամանակ հետո սանկցիաները կվերաբերվեն նաեւ հայ-իրանական այդ ապրանքափոխանակության խնդրին: Արդյոք մենք ունենք համաձայնագրերին արդեն միացած իրավիճակ, որը շատ ավելի սրվելու դեպքում կարող է արդեն մեր պարտավորություններից բխեցնի, որ մենք պետք է տեղավորվենք այդ սանկցիաների տիրույթում»,-հարց ուղղեց Մելքումյանը:

Կարեն Նազարյանն ասաց. «Մենք հստակ ներկայացնում ենք մեր մտահոգությունները, փորձում ենք բաց երկխոսության միջոցով խոսել բոլոր զգայուն հարցերի մասին, որոնք կարող են ի հայտ գալ: Մենք 2008 թվականից ի վեր իրականացնում ենք «գազ էլեկտրականության դիմաց» գործարքը: Այդ գործարքով ոգեւորված են նաեւ մեր երվրոպացի գործընկերները, որոնք փորձում են նմանատիպ մի բանաձեւով աշխատել Իրանի հետ:

Մենք միշտ հավատարիմ ենք եղել միջազգային պատժամիջոցների ռեժիմին, բայց մյուս կողմից շատ էական է, որ մեր գործընկեր պետությունները առավելագույնս ընկալեն այն խոցելիությունը, որ բաժին է հասել Հայաստանին որպես ծով ելք չունեցող երկիր: Մենք հույս ունենք, որ այդ քննարկումների միջոցով մենք կկարողանանք ունենալ մի իրավիճակ, որը որեւէ կերպ չի սպառնա մեր առեւտրատնտեսական փոխգործակցությանը, մասնավորապես Հայաստան-Իրան հարաբերություններին»:

Կարեն Նազարյանն անդրադարձավ նաեւ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հեռանկարներին, որի վերաբերյալ շատ մասնագետներ նշում են, որ շահութաբեր չէ.

«Երկաթուղու հարցը դժվար է կանխատեսել, թե երբ կկառուցվի: Ես չեմ կարծում, որ այդ հարցը դուրս է եկել երկկողմ հարաբերությունների օրակարգից, բայց այստեղ հարցը գտնվում է մասնագետների դաշտում, քանի որ խոսքը շատ բարդ ու համապարփակ հաշվարկների մասին է: Այստեղ մենք պետք է ապավինենք մեր մասնագետների փորձառությանը»,-ասաց փոխնախարարի պաշտոնակատարը:

Միքայել Մելքումյան էլ հիշեցրեց, որ Ադրբեջանն այսօր Իրանի տարածքում Ռաշտ-Աստարա երկաթուղի է կառուցում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին