Կարևոր իրադարձություններ

Ամուլսարին հարակից բնակիչները բաց նամակով դիմել են Սերժ Թանկյանին, Վահե Բերբերյանին, Արտո Թունջբոյաջյանին

02 Նոյեմբեր, 2018 16:45
Ամուլսարին  հարակից բնակիչները բաց նամակով դիմել են Սերժ Թանկյանին, Վահե Բերբերյանին, Արտո Թունջբոյաջյանին

Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները բաց նամակով դիմել են Սերժ Թանկյանին, Վահե Բերբերյանին, Արտո Թունջբոյաջյանին, որոնք հանդես էին եկել Ամուլսարի հանքը շահագործելու դեմ:

Նամակում ասվում է.

«Սիրելի Արտո, Սերժ եւ Վահե

Մենք՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակինչներս մեր մտահոգությունն ու հիասթափությունն ենք հայտնում վերջին շրջանում համացանցում տարածված Ձեր «Save Amulsar» տեսաուղերձների վերաբերյալ:

Մենք, բարձր ենք գնահատում Հայաստանի հանդեպ ձեր սրտացավ վերաբերմունքը ու այդ տեսանկյունից մեզ համար հիասթափեցնող է, որ դուք Հայաստանի հանդեպ ձեր հոգածությունն եք հայտնում մակերեսային դատողություններ անելով երկրի համար կարեւորագույն՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ:

Ափսոսում ենք, որ ձեր կարծիքը ձեւավորել եք միակողմանիորեն՝ միայն մի խումբ ակտիվիստների կողմից տարիներ շարունակ հնչեցվող եւ մինչեւ օրս չապացուցված էմոցիոնալ, անհիմն մեղադրանքների հիման վրա:

Այն պարագայում, երբ այս հարցը գտնվում է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում եւ նա հստակ նշել է, որ Ամուլսարի շահագործման հարցը որոշվելու է միմիայն փաստերի հիման վրա: Հարկ է նշել, որ Ձեզ ապակողմնորոշած ակտիվիստները ՀՀ Վարչապետին մինչ օրս չեն տրամադրել եւ ոչ մի համոզիչ ապացույց իրենց հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ:

Դուք, ցավոք, նաեւ տեղյակ չեք, որ Ձեզ ապակողմնորոշած ակտիվիստները տարիներ շարունակ նպատակաուղղված հակաքարոզչություն են տարել միայն եվրոպական ստանդարտներով աշխատող Ամուլսարի ծրագրի դեմ, այն պարագայում, երբ Հայաստանում այսօր գործում են մի շարք հանքեր, որոնք ամեն օր անդառնալի վնասներ են հասցնում շրջակա միջավայրին, բայց որոնց դեմ նույն «բնապահպանները» նույնիսկ չեն փորձում պայքարել:

Ամուլսարի ծրագրի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները, հսկայական ֆինանսական միջոցները, որոնք ծախսվում են հակաքարոզչության վրա, «բնապահպանների» մասին տարբեր աղբյուրներից մեզ հասանելի տեղեկությունները թույլ են տալիս հիմնավոր կասկածներ ունենալ, որ այս ամենը կազմակերպված եւ լավ ֆինանսավորվող արշավ է երկրի միակ խոշոր արեւմտյան ներդրողի՝ Լիդիանի, հետեւաբար նաեւ Հայաստանի քաղաքացիների տնտեսական զարգացման, սոցիալական բարեկեցության դեմ: Շատ ցավալի է, որ դուք եւս ներգրավվել եք կասկածելի ֆինանսավորմամբ այս արշավում:

Ուզում ենք վստահեցնել, որ մենք, բնակվելով Ամուլսարի հարակից համայնքներում, ամենաշահագրգիռ կողմն ենք մաքուր շրջակա միջավայր ունենալու համար, մեզ համար պակաս կարեւորություն չեն ներկայացնում Սեւանն ու Ջերմուկի ջրերը, քան որեւէ այլ հայի համար: Բայց ի տարբերություն Ձեզ մենք ծանոթ ենք Լիդիան Արմենիայի պատասխանատու գործունեությանը, բնապահպանական եւ տեխնիկական մանրամասներին: Մեզանից շատերը մասնագիտական վերապատրաստում են անցել եւ ամենօրյա աշխատանքի ընթացքում հնարավորություն են ստացել համոզվելու, որ Լիդիանի բարձրակարգ տեղացի եւ միջազգային մասնագետների աշխատանքը ապահովելու է, որ հանքն աշխատի այն բոլոր բարձր ստանդարտներով, որոնցով աշխատում են հանքերը Կանադայում, ԱՄՆ-ում եւ այլուր:

Նույնիսկ պարզ Գուգլ որոնումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում գործող ավելի քան 1400 հանք կա՝ հարյուր անգամ ավելի շատ քան Հայաստանում, եւ ԱՄՆ-ը ոսկու խոշոր արտադրողներից է: Եվ ուրեմն ինչո՞ւ պետք է մենք ապրենք հետամնաց ագրարային երկրում, եթե ԱՄՆ-ը, որտեղ ապում են սիրելի Սերժ Թանկյանը, Վահե Բերբերյանը եւ Արտո Թունջբոյաջյանը, օգտվելով արդյունաբերական երկրի բոլոր բարիքներից, զարգանում է նաեւ հանքարդյունաբերության շնորհիվ: Փոխանակ աջակցեք, որ Հայաստանում նույնպես ներդրում անի արեւմտյան որակյալ ընկերությունը, ինչո՞ւ եք ջուր լցնում որակյալ ներդրումներին խանգարողների ջրաղացին:

Միթե դուք, թեկուզ հեռվից, շահագրգռված չեք ձեր հայրենակիցների բարեկեցությամբ, միթե Ձեզ չի մտահոգում մշտապես աճող արտագաղթը: Ինչո՞ւ ԱՄՆ-ն եւ Կանադան, որտեղ դուք բնակվում եք, կարող են ունենալ զարգացած, պատասխանատու հանքարդյունաբերություն ի նպաստ իրենց ժողովրդի, իսկ մեզ խորհուրդ եք տալիս հրաժարվել զարգացման հնարավորությունից: Ո՞րն է տրամաբանությունը, հարգելի արվեստագետներ:

Ամփոփելով վերշարդրվածը՝ լիահույս ենք, որ դուք ծրագրի վերաբերյալ գոնե փորձ կանեք ստանալ բազմակողմանի տեղեկատվություն, մեծ սիրով պատրաստ ենք Ձեզ ներկայացնել Ծրագիրը եւ պատասխանել Ձեզ մտահոգող հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին