Կարևոր իրադարձություններ

Գույքահարկն ու ակցիզային հարկը կաճի, եկամտահարկը կնվազի. Ջանջուղազյան

02 Նոյեմբեր, 2018 11:39
Գույքահարկն ու ակցիզային հարկը կաճի, եկամտահարկը կնվազի. Ջանջուղազյան

նոյեմբերի 2-ին, Հայաստանի ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում 2019 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց․«Որքան էլ տարօրինակ , շահութաբերությունն ավելի բարձր է ոչ թե արտահանելի ճյուղերում, այլ ոչ արտահանելի ճյուղերում, խզումը մոտ 8 տոկոս է»:  Ջանջուղազյանի հավաստմամբ սա նշանակում է, որ մեր նպատակադրումը, որ ունենանք արտահանման աճ եւ դրա հաշվին տնտեսական աճ, արդեն ռիսկային է հարկային համակարգի տեսակետից: «Պետք է մտածենք, որ հարկային համակարգը գոնե հակախթան չհադիսանա արտահանելի ճյուղում նոր ներդրումների համար: Ընդ որում, ներդրումների մակարդակը ոչ արտահանելի ճյուղերում ավելի բարձր է, ինչը տրամաբանական է, քանի որ փողը գնում է այնտեղ, որտեղից կարող է մեծ արդյունք բերել:»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ջանջուղազյանը նշեց, որ 2019 թվականին կանխատեսվում է, որ կհավաքվի 1 տրլն 399 մլրդ դրամի հարկային եկամուտ, նաեւ կանխատեսվում է, որ 442 մլրդ դրամ կառաջանա, բայց չի հավաքվի, որովհետեւ ունենք տարբեր տեղերում հարկային արտոնությունների համակարգեր. «Սա պետք է քննարկման առարկա դառնա, որքան էլ դա ոչ պոպուլյար է: Այդ արտոնությունները թույլ չեն տալիս այդ հարկերը հավաքագրել եւ ավելի նպատակային օգտագործել»:

Ջանջուղազյանն անդրադարձավ հարկային օրենսգրքի փոփոխություններին՝ նշելով, որ եկամտահարկը կնվազի եւ կկիրառվի համահարթ մոտեցում եկամտային հարկի, շահութահարկի դեպքում, փոխարենը կաճի գույքահարկն ու ակցիզային հարկը, իսկ ավելացված արժեքի հարկը կմնա անփոփոխ:

Նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ ակցիզային հարկի բարձրացումը նախատեսված է նաեւ գործող հարկային օրենսգրքով, բացի այդ, դա ԵՏՄ շրջանակներում մեր պարտավորություններից է:

 

Լրահոս

Դիտել ավելին