Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Սխալվում ես, եղբա՛յր. Անի Սամսոնյանը՝ Հայկ Կոնջորյանին

01 Նոյեմբեր, 2018 22:19
Հեղինակ՝ Անի Սամսոնյան
Սխալվում ես, եղբա՛յր. Անի Սամսոնյանը՝ Հայկ Կոնջորյանին

Պատգամավորի մանդատի վրա թքած ունենալ չի կարելի, քանի որ այն քաղաքացու վստահության քվեն է։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով նախօրեին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լքած Հայկ Կոնջորյանի՝ այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում տված հարցազրույցին։

Կոնջորյանին ուղղված Անի Սամսոնյանի բաց նամակը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի Հայկ, մեծապես գնահատելով մեր կուսակցական երեքամյա համատեղ գործունեությունը և երեք անգամ լսելով քո՝ ԱԺ-ում լրագրողների հարցերին տրված պատասխանները, ասում եմ հետևալը.

1. Համաձայն եմ՝ դու բարոյական տեսանկյունից արել ես ինքդ քեզ համար ճշտագույն քայլ, բայց քաղաքական տեսանկյունից՝ ոչ, քանի որ դու ընկել ես գաղափարական միօրինակության թակարդը, ինչպես նաև քննադատելու և քննադատվելու խարանի ճանկը։

2. Դու ճամբարափոխություն չես արել, որովհետև եղել ես «Ելքի» մեծ թիմում և քո գործունեության մեծ մասն իրականացրել ես այստեղ, ինչպես պնդում ես։ Կարծում եմ, եթե չլիներ «Ելքի» մաս կազմող «Լուսավոր Հայաստանը», չէր լինի նաև «Ելք» դաշինքը, այլ կլիներ մեկ ուրիշ դաշինք, որտեղ քո գոյության մասին խոսք անգամ լինել չէր կարող լինել։ Ասեմ՝ ինչու։ «Ելքի» մաս կազմող մյուս երկու կուսակցությունները ստեղծվել էին ավելի վաղ, և դու կարող էիր նրանց հետ լինել, բայց դու սպասել ես «Լուսավոր Հայաստանին», որն, ի դեմս հիմնադիր և մեզ համախմբող Էդմոն Մարուքյանի, քեզ տրամադրել է քաղաքական հարթակ, հասունացրել քաղաքականապես և դարձրել քաղաքական գործիչ Հայկ Կոնջորյան։
«Ելք» դաշինքը ստեղծվել է գաղափարապես համադրելի, բայց տարբեր մոտեցումներով և գործիքակազմով ուժերից։ Այդ իսկ պատճառով այն հաջողեց, բայց չդարձավ մեկ կուսակցություն։ «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը» և «Քաղաքացիական պայմանագիրը» նույնը չեն, և մենք դա բազմիցս շեշտել ենք՝ յուրաքանչյուրս մեր կուսակցությանը և գաղափարներին պատվախնդիր։
Հիմա դու հավատում ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարներին, ուրեմն հենց սկզբից էլ «Լուսավոր Հայաստանից» չես եղել, որովհետև ՔՊ-ն, ինչպես նաև մենք ստեղծման օրվանից և նաև՝ հեղափոխությունից հետո հաստատակամ և հավատարիմ ենք մնացել յուրաքանչյուրս մեր սկզբունքներին և հավատամքին։

3. Դու ասում ես, որ պատգամավոր դառնալուց հետո քո հոգեվիճակում և մտածմունքներում բան չի փոխվել, և դու սովորական մարդ ես։ Սխալվում ես, եղբա՛յր (քո սիրելի դիմելաձևով), դու սովորական մարդ չես։ Բոլոր նրանք, ովքեր ստանձնում են մանդատ, սովորական չեն։ Նրանց հոգեվիճակը լարված է պատասխանատվության բեռից և չսխալվելու վտանգից, նրանց մտածմունքները միշտ ենթարկվում են գայթակղության՝ մանդատի փառասիրության զոհը չդառնալու համար։

4. Դու ասում ես, որ թքած ունես մանդատի վրա և միակ տարբերությունն այն է, որ կարող ես քո ձայնը ավելի բարձր հնչեցնել։ Արդ, եղբայր, հեղափոխական ուժը ստանձնելու է իշխանությունը, և դու հնարավորություն ունես որպես գաղափարախոս և խորհրդատու օգնել, որպեսզի մարդկանց կյանքը ավելի լավը դառնա։ Այս դեպքում պաշտոնը այդքան էլ խիստ անհրաժեշտություն չի։ 
Կանգնի'ր հեղափոխության կողքին ինչպես ՄԵՆՔ և ուս ուսի տուր հեղափոխական ուժին, ինչպես շատ ու շատ ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ։

Եվ առհասարակ, չի կարելի ոչ մի պարագայում թքած ունենալ մանդատի վրա, որովհետև այն քաղաքացիների վստահության քվեն է քեզ։

Մաղթում եմ քեզ հաջողություն։ Մենք գիտեինք, որ դու բանակցություններ ես վարում մեզնից հեռանալու համար, բայց այդքան ուժ չունեցանք դրան հավատալու համար։ Միևնույն ժամանակ, դու պետք է ցուցաբերեիր արիություն՝ մեզ հետ անկեղծ լինելու, երբ քեզ տալիս էինք հրաժեշտի հարցերը։
Մնաս բարյավ։

Հ.Գ Հանկարծ մի օր, թե պատահի՝ կյանքի հանգամանքներից կուսակցությանը ստիպված հրաժեշտ տա նույնիսկ Էդմոն Մարուքյանը (կյանք է, ամեն ինչ պատահում է), «Լուսավոր Հայաստանը» շարունակելու է իր առաքելությունը։ «Լուսավորը» մարդիկ չեն, «Լուսավորը» գաղափար է, որը համախմբում է մարդկանց։
Հայաստանը ներկայումս պաշտպանված է «Լուսավոր Հայաստանով» և ապագայում լինելու է ՈՒԺԵՂ՝ «Լուսավոր Հայաստանով»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին