Կարևոր իրադարձություններ

Ակնհայտորեն ակնարկում են, որ պատերազմ սկսելու ռեալ հնարավորություն կա. Խոսրով Հարությունյան

01 Նոյեմբեր, 2018 16:52
 Ակնհայտորեն ակնարկում են, որ պատերազմ սկսելու ռեալ հնարավորություն կա. Խոսրով Հարությունյան

 ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը իր ելույթում անդրադարձել է Բոլթոնի՝ Հայաստան կատարած այցի հնարավոր հետեւանքներին։

«Հեռացող դեսպանն առաջին անգամ խոսեց  տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձեւից։ Սա մեզ համար նորույթ էր, եւ այդ ֆոնին գալիս է ԱՄՆ երկրորդ պաշտոնյան եւ խոսում է լեգիտիմ ընտրությունների արդյունքում պատուհան բացելու մասին։ Մեզ արդեն ակնհայտորեն ակնարկում են, որ կա պատերազմ սկսելու ռեալ հնարավորություն, հարկավոր է գցել–բռնել, թե սա ինչի կարող է հանգեցնել»,–ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ իր համար մտահոգիչ է, որ Բոլթոնը Հայաստան է այցելել Ադրբեջանից հետո։ «Համաձայնեք, որ մտահոգվելու հիմքեր կան, առավել եւս երբ սա ներկայացվում է Իրանի շուրջ օղակը սեղմելու ԱՄՆ–ի ընգծված քաղաքականության ֆոնին»,–ասաց նա։

Նշենք, որ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաեւ Ջոն Բոլթոնի հայտարարությանը, թե ԱԺ ընտրություններում հաղթելուց եւ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը կարող է վճռական որոշումներ կայացնել Արցախի հարցում, քանի որ դա հնարավորություն կտա իրեն առաջնորդություն ստանձնել: Նա նշել էր. «Ամեն մեկը կարող է խոսել  իր անունից։ Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, եւ Ջոն Բոլթոնը, եւ ընդհանրապես որեւէ մեկը չի կարող խոսել իմ անունից: Այո, ընտրվելը հնարավորություններ կտա, բայց ես ասել եմ, որ չի կարող լինել որեւէ լուծում, որը ընդունելի չի լինի Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների եւ Արցախի իշխանությունների համար: Հարցի գլոբալ կարգավորման առումով հասկանում ենք, որ որեւէ լուծում պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար: Որեւէ լուծման պարագայում մենք պետք է լինենք հրապարակային»:

 

Լրահոս

Դիտել ավելին