Կարևոր իրադարձություններ

«Սասնա Ծռեր» կուսակցությունը կոչով դիմում է Նիկոլ Փաշինյանին

01 Նոյեմբեր, 2018 10:40
«Սասնա Ծռեր» կուսակցությունը կոչով դիմում է Նիկոլ Փաշինյանին

Առնվազն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նկատմամբ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը շարունակում են աշխատել որպես քաղաքական հալածանքի գործիքներ: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Շաբաթներ առաջ Մարտունիում, Գյումրիում եւ Վանաձորում քաղաքացիների հետ Կուսակցության ներկայացուցիչների հանդիպումները խափանելուն ուղղված գործողությունները փորձեցինք գնահատել ընդամենը որպես տեղական ինքնագործունեություն, սակայն դրանց աշխարհագրության ընդլայնումն ու ինտենսիվության աճումը ակնհայտ են դարձնում, որ ամեն ինչ կատարվում է կենտրոնական համակարգմամբ:

Ի դեպ՝ Մարտունիում կատարվածի մասին մամուլով անմիջապես տեղեկացրել էինք ՀՀ վարչապետին՝ հորդորելով միջոցներ ձեռնարկել:

Մասնավորապես, ի թիվս վերը նշված դեպքերի՝

ս.թ. հոկտեմբերի 28-ին Կուսակցության Արթիկի գրասենյակում նախատեսված՝ Կուսակցության ներկայացուցիչների եւ Արթիկում բնակվող քաղաքացիների հանդիպմանը նախորդող օրերին ԱԱԾ տարածքային ստորաբաժանման աշխատակիցները Կուսակցության Արթիկի գրասենյակի պատասխանատուներից փորձել են ճշտել հանդիպման բնույթն ու բովանդակությունը, ԱԱԾ ծառայողներից մեկն այդպիսի նպատակով այցելել է Կուսակցության ներկայացուցչի տուն, իսկ տարածքային ՊՊԾ ստորաբաժանման պետը նույն հարցուփորձն արել է հեռախոսով,

արդեն հանդիպման օրը ԱԱԾ ծառայողը ցուցադրաբար իր ավտոմեքենայով հանդիպման ամբողջ ընթացքում կանգնած է եղել գրասենյակի դիմաց, ցույց տալով, որ հետեւում է հանդիպման մասնակիցներին՝ ակնհայտորեն նպատակ ունենալով հոգեբանորեն ճնշել նրանց,

հանդիպումից հետո ԱԱԾ ծառայողն իր ավտոմեքենայով ցուցադրաբար հետապնդել է Կուսակցության անդամներին,

զուգահեռաբար՝ ԱԱԾ ծառայողն անթաքույց կերպով փորձել է «իր մարդուն» ներդնել Կուսակցության Արթիկի գրասենյակում եւ, բնականաբար, մերժում է ստացել,

ս.թ. հոկտեմբերի 28-ին Կուսակցության ներկայացուցիչներն այցելել են նաեւ Գյումրի եւ հանդիպել Կուսակցության աջակիցներին, որոնց հետ զրույցից պարզ է դարձել, որ ԱԱԾ Ախուրյանի տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ Արթուր Գեւորգյանը մոտեցել է Կուսակցության աջակիցներին եւ նրանց հորդորել է հեռու մնալ «Սասնա Ծռեր» կուսակցությունից,

քաղաքացիները տեղեկացրել են նաեւ, որ Արթուր Գեւորգյանն այցելում է Կուսակցության աջակիցների աշխատավայրեր եւ փորձում է գործատուների միջոցով նույն նպատակով ճնշումներ գործադրել նրանց նկատմամբ,

ս.թ. հոկտեմբերի 31-ին Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրի բաժնից զանգահարել են Կուսակցության Գյումրու գրասենյակի պատասխանատուներին ու փորձել են հետաքրքրվել գրասենյակի աշխատանքից, իսկ երբ գրասենյակի պատասխանատուն հարցրել է, թե ինչ նպատակով են տրվում այդ հարցերը, տվել են անհեթեթ բացատրություն եւ ավարտել խոսակցությունը,

գրեթե նույնպիսի վարքագծով աչքի են ընկել նաեւ ԱԱԾ Իջեւանի տարածքային ստորաբաժանման ծառայողները՝ փորձելով այսպես կոչված զրույցի հրավիրելով եւ հարցումներով հոգեբանական ճնշում գործադրել Կուսակցության Իջեւանի տարածքային ներկայացուցիչների վրա,

բացի այդ, բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, որ ոստիկանները կամ քաղաքացիական հագուստով անձինք հաճախ անթաքույց կերպով հետեւում են Կուսակցության ներկայացուցիչներին,

ինչպես նաեւ բազմաթիվ դեպքեր կան, որոնք առնվազն հիմնավոր կասկածի մակարդակով վկայում են Կուսակցության անդամներին գաղտնալսելու մասին, մասնավորապես՝ շատ է պատահել, որ միայն երկու հոգու միջեւ եղած խոսակցություններին գրեթե անմիջապես հետեւել են դրանց տրամաբանությանը ճշգրտորեն համապատասխանող գործողություններ:

Եթե ԱԱԾ-ի եւ Ոստիկանության համակարգված հալածանքի մասին վկայող փաստերին հավելենք նաեւ արտաքին եւ հայաստանյան ծագում ունեցող քաղաքական բնույթի այն տեսակետները, ըստ որոնց ժողովրդի շրջանում ակնհայտորեն լայն աջակցություն վայելող «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը չի լինելու կամ պետք է չլինի ապագա Ազգային Ժողովում, ինչպես նաեւ հիշելով Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության օրերին Ոստիկանության հանցավոր եւ արհամարհական անգործությունը, ապա կարող ենք եզրակացնել, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նկատմամբ հալածանքն ունի ծառայամտությունից ավելի խորը արմատներ եւ ավելի մեծ ընդգրկում:

Հորդորում ենք ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նկատմամբ հալածանքը դադարեցնելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու եւ քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքները երաշխավորելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին