Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԸՕ-ի փոփոխությունների փաթեթի քվեարկությանը

22 Հոկտեմբեր, 2018 22:02
Հեղինակ՝ Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԸՕ-ի փոփոխությունների փաթեթի քվեարկությանը

 ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի քվեարկությանը: Նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ ԸՕ-֊ի առաջարկված փոփոխությունները միանշանակ ժողովրդավարական և առաջադիմական էին և շահավետ էին, առաջին հերթին, հենց ո՛չ առաջատար, ո՛չ իշխանական քաղաքական ուժերի համար:

«Ցավում եմ, որ որոշ ուժեր սա չհասկացան և գործընթացը վերածեցին մկանների ցուցադրության՝ հերթական անգամ դառնալով մեր երկրի զարգացման խոչընդոտ և հերթական անգամ մեր երկիրը դարձնելով իրենց, թույլ տվեք ասել, անիմաստ տվայտանքի գերին։ Ինչ վերաբերում է մեր քաղաքական ուժին, ապա մենք բազմիցս ասել ենք, որ ՔՊ-ն և «Իմ քայլը» դաշինքը պատրաստ են ընտրություններին թե՛ առաջարկվող, թե՛ գործող օրենքով»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց  Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկեց     56, դեմ՝ 3 պատգամավոր: Օրինագծերի փաթեթը հաստատելու համար անհրաժեշտ է 63 պատգամավորի ստորագրություն: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին:

 

Լրահոս

Դիտել ավելին