Կարևոր իրադարձություններ

Բոլորս էլ հեղափոխական ենք. Արմավիրի քաղաքապետի թեկնածու

21 Հոկտեմբեր, 2018 14:31
Բոլորս էլ հեղափոխական ենք. Արմավիրի քաղաքապետի թեկնածու

Արմավիրի քաղաքապետի արտահերթ ընտրություններին առաջադրված անկուսակցական թեկնածու Օհան Հարությունյանը կնոջ և դստեր ուղեկցությամբ ընտրության էր եկել առանց անձնագրի:

Թեկնածուն ստիպված է եղել  սպասել, մինչ անձնագիրը բերեին, և քվեախցիկում արդեն  ընտրություն է կատարել ընտրախախտումով՝ իր քվեարկությունից հետո հետևելով, թե կինն ինչպես է քվեարկում:

Լրագրողների հետ զրույցում թեկնածուն, ով Արմավիրի քաղաքապետարանի ավագանու անդամ է, նշել է, որ քաղաքացիների մասնակցությունը պասիվ է, թեև ընտրություններն անցկացվում են պատշաճ մակարդակով:

Հարցին, թե տեղի՞ն են այն խոսակցությունները, որ նախկին իշխանությունների կողմից քաղաքական աջակցություն ունի կամ եթե ոչ քաղաքական որևէ ուժի, ապա գոնե ազդեցիկ անձի կողմից, Օհան Հարությունյանը հերքել է՝  ասելով, որ որևէ ուժի հետ կապ չի ունեցել:

Նահապետ Գևորգյանի աջակցության մասին խոսակցություններին ու մամուլի հրապարակումների անդրադառնալով՝ նա նշել է, որ սուտ է, նման բան չկա, ինքը նույնիսկ անձամբ  չի էլ ճանաչում Նահապետ Գևորգյանին:

Խոսելով ծրագրերից՝ թեկնածուն հայտնել է, որ քաղաքի զարգացման՝ թեկնածուների ծրագրերը գրեթե նույնն են, խնդիրները շատ-շատ են՝ բազմաբնակարան շենքերի խնդիրներ, տանիքիներ, բակեր, խմելու ջրի խնդիր և այլն:

Հարցին, թե թեկնածուների  կողմից ճնշումներ կամ լծակների կիրառում նկատել է, Օհան Հարությունյանն պատասխանել է՝ ոչ:

Նա նշել է, որ չի լսել ընտրողներին ուղղորդելու մասին:

 Թեկնածուն հայտարարել է, որ ինքը ևս հեղափոխությանը կողմ է: «Բոլորս էլ հեղափոխական ենք»,-  հայտարարել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին