Կարևոր իրադարձություններ

Սասուն Միքայելյանի որդու շտաբը հերքում է քարոզարշավին դպրոցների մասնակցությունը

19 Հոկտեմբեր, 2018 08:53
Սասուն Միքայելյանի որդու շտաբը հերքում է քարոզարշավին դպրոցների մասնակցությունը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի կողմից տարածված ձայնագրությունն ու դրան ուղեկցող տեքստը սադրանք են: Այս մասին ասված է Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Վահագն Գալստյանի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

Ուսումնասիրելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի կողմից տարածված ձայնագրությունը ուղեկցող տեքստի հետ, թե իբրև «Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները»՝ պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ տեղեկությունն ուղղակի սադրանք է: Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզարշավը անցել և անցնում է հավասար, մրցակցային պայմաններում: 

. Որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե որևէ թեկնածուի լուսանկարը այս կամ այն քաղաքացին ուր կարող է փակցնել:

Նախընտրական շտաբը տեղեկանալուն պես բոլոր պաստառները անթույլատրելի հատվածներից օրենքով սահմանված ժամկետներում հեռացրել է և տեղեկացրել ԿԸՀ-ին: 

. Որևէ մեկը չի կարող նաև նախապես տեղեկանալ, թե որ թաղամասում ով կարող է ներկա գտնվել քայլարշավ իրականացնող թեկնածուի բակային հանդիպումներին: Իսկ Ջրառատ թաղամասում նշված հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի առիթով հայտարարված ոչ աշխատանքային օրերին՝ հոկտեմբերի 11-ին, և ոչ ոքի՝ այդ թվում և պետական ծառայողներին, արգելված չէ հանգստյան օրերին մասնակցել քարոզարշավին՝ որպես ՀՀ քաղաքացի: Իսկ ինչ վերաբերում է այն ձայնագրությանը, որն իրականացրել է կազմակերպության ներկայացուցիչը, ապա այն հերքում է հենց կազմակերպության կողմից տարածված տեղեկությունը: Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին զանգահարած և իբրև Սասուն Միքայելյանի օգնական ներկայացած մարդը, որ տնօրենից հետաքրքրվել է, թե որքան մարդ է պատրաստ բերել հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ին, մեկնարկող հանրահավաքին, ստանում է զարմացած պատասխան, և ակնհայտ երևում է, որ տնօրենն ուղղակի անտեղյակ է հանրահավաքի մասին: 

Նա զանգահարողից է իմանում, թե երբ և ինչ հավաք է սպասվում, ու տարակուսած հարցնում է. «Երևան պիտի գա՞նք»: Ավելին՝ ձայնագրության մեջ պարզ լսվում է, որ պահանջվող նախընտրական «կեպկաներից» չունի դպրոցի տնօրենը, որ բաժանի 9-րդ դասարանցիներին: Իսկ հավաքը, ի դեպ, նշանակված է ոչ թե ժամը 15:00-ին, այլ 16:00-ին: Այս ձայնագրությունը ևս մենք համարում ենք սադրանք: 

Դարձյալ հորդորում ենք խաղաղ, օրինակելի ու մրցակցային պայմաններում իրականացվող քարոզարշավը և հոկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունները չփորձել ստվերել: Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը համապատասխան դիմումը առավոտյան կներկայացնի դատախազություն, որպեսզի տեղի ունեցածին իրավական գնահատական տրվի. 

. Պետք է ՀՀ ուժային կառույցները՝ հանուն ազատ և արդար ընտրությունների անխախտ սկզբունքների, անհապաղ պարզեն ուղղորդված սադրանք իրականացնողների շահագրգռվածությունը. 

.Պետք է պատասխանատվության ենթարկվի այն անձը, որը զանգահարել է տնօրենին և ներկայացել որպես ԱԺ պատգամավորի օգնական: Մենք հետամուտ ենք լինելու ստի, կեղծիքի շուտափույթ բացահայտմանը Նոր Հայաստանում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն էր ստացել, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին