Այս պահին աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի պատճառով 130-ից ավելի մեքենաներ կանգնած են հայ-վրացական սահմանին։ Վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Բագրատաշենի անցակետում ։
Վարորդներից մեկը բողոքում է, որ աջ ղեկով մեքենաների Հայաստան ներկրման օրենքի փոփոխությանը մասին պատշաճ կերպով տեղեկություն չի տարածվել։
«Քաղաքացիները տեղյակ չեն եղել, մաքսատան պատին էլ կպցրած է եղել այն, որ կա մինչեւ հոկտեմբերի 1-ը արգելք, հետո կարող են բերել»,–ասաց վարորդը։
Հիշեցնենք, որ ԱԺ–ն մարտի 1-ին ընդունել էր «Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» օրենքի նախագիծը՝ համաձայն որի 2018-ի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն է արգելվում Հայաստան ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ, իսկ արդեն ներմուծված ավտոմեքենաների շահագործումը չէր արգելվում երկրի ներսում:
Այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ օրենքի նախագծի` երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվելու ժամանակ փոփոխություն է կատարվել եւ հանվել է նախագծից «ժամանակավոր» բառը: Օրենքը մարտի 16-ին ստորագրվել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, որի համաձայն` ապրիլի 1-ից ընդհանրապես արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «Բաց թողնումը ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով: