Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ՄԻԵԴ դիմում են պատրաստում

18 Հոկտեմբեր, 2018 14:20
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ՄԻԵԴ դիմում են պատրաստում

«Ռիա Նովոստիի» հետ զրույցում պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ իր  պաշտանները դիմում են պատրաստում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքների առնչությամբ: 

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրել 2008թ. մարտի 1-ի բողոքի ցույցերը ցրելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում: Ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Քոչարյանին երկու ամսով կալանավորելու մասին: Պաշտպանական կողմը որոշումը բողոքարկել էր վերաքննիչ դատարան, որն ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին՝ պատճառաբանելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը: Քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ում նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով 2008թ. աշխատել է ՀՀ զինված ուժերում: Խաչատուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել:
 

«Պարտադիր կդիմեմ ՄԻԵԴ, եթե նման անհրաժեշտություն լինի: Խնդիրն այն է, որ դրա համար հարկավոր է անցնել բոլոր ներպետական ընթացակարգերը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Նա նշել է, որ կան առանձին դեպքեր, երբ դիմումներն ընդունվում են նախքան ներպետական ընթացակարգերի սպառումը, եթե նկատվում է ակնհայտ ճնշում դատարանների նկատմամբ: «Իմ դեպքում նման ճնշում առկա է, և հիմա փաստաբանները պատրաստում են դիմումը»,- հավելել է նա:

Ռոբերտ Քոչարյանը նաև Հայաստանի պատմության ընթացքում աննախադեպ է անվանել Հատուկ քննչական ծառայության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի միջև հեռախոսային խոսակցությունը սահմանադրական կարգի տապալման գործի վերաբերյալ: Նրա խոսքով այնպիսի սկանդալ է, որին նվազագույնը պետք է հրաժարականների շարք հետևեր «Բայց բոլորը շարունակում են պաշտոնավարել, իրենց բավական հարմար են զգում, շարունակում անել այն, ինչով զբաղվում էին: Թեև օբյեկտիվ լինելով՝ պետք է նշել, որ նրանք բռնվել են հանցանքի կատարման ժամանակ: Դատարանների նկատմամբ ճնշումը քրեական հանցագործություն է: Իսկ նրանք շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոնները»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ այս փաստը ոչնչացնում է քրեական գործը, որում ներգրավված է ինքը: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համար այդ փաստը բավարար է: Քրեական գործը սարքված է, այնտեղ ոչինչ չկա: Ես այն իրավական աղբ եմ անվանում: Այլ բառ դժվար է գտնել»,- ընդգծել է Քոչարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին