Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանին արգելել են տեսակցել ընտանիքի անդամներին, զրկել են նաև զանգի իրավունքից

18 Հոկտեմբեր, 2018 13:48
Մանվել Գրիգորյանին արգելել են տեսակցել ընտանիքի անդամներին, զրկել են նաև զանգի իրավունքից

Աժ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վիճակն օր օրի վատթարանում է։ Shabat.am –ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Մեր հարցին, թե նոր իշխանությունները Մանվել Գրիգորյանի անձի դեմ ինչ-որ բան ունեն, որ ազատ չեն արձակում։ Հաշվի առնելով, որ վերջին օրերին հնչեղ քրեական գործերով մի քանիսը գրավի դիմաց ազատ արձակվեցին, փաստաբանը պատասխանեց․

«Բացարձակ ցանկություն չունեմ քաղաքականացնելու քրեական գործը, բայց կարևորում եմ հետևյալ հանգամանքը, երբ նայում ենք ինչպիսի հնչեղ քրեական գործեր հարուցվեցին, և շատերը հիմա ազատ են, Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվում է ոչ իրավաչափ, օրենքից դուրս գործողություններ, որի  արդյունքում նա գտնվում է կալանքի տակ։ Ավելին, չկա մի փաստ, որը թույլ կտա ասելու, որ վերջինիս խափանման միջոց կալանքը չպետք է փոխվի։ Նա ոչ խոչընդոտելու է քրեական գործին, ոչ հանցագործություն պետք է կատարի,  դրան գումարած նաև նրա ծանր հիվանդությունները»։

Անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական խնդիրներին, Լևոն Բաղդասարյանն ասաց․

«Մանվել Գրիգորյանն օրական մոտավորապես 1 կգ-ի  չափով դեղորայք է ընդունում, ինչպես նաև ինսուլին է ստանում։ Կարևոր փաստ է, որ մինչ կալանավորվելը նա բացարձակ ինսուլինից կախված չի եղել, սա փաստում է, որ առողջությունը վատթարացավ կալանքի տակ գտնվելու ժամանակ»։

Փաստաբանի խոսքով՝ քննիչի որոշման հիման վրա համալիր հետազոտություններ անցկացվեցին, մոտավորապես մեկ ամիս առաջ, բայց անարդյունք․ «Պետական լիազոր մարմինը պետք է հասկանա, որ այդ անձնավորությունը դանդաղ մահանում է, իսկ այդ բացասական հետևանքները  կրում է պետությունը։ Մեկ կարևոր հանգամանքն էլ եմ ցանկանում փաստել, որ այն աստիճանի դաժան և անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, որ անգամ արգելվում է տեսակցությունը՝ մերձավորների, ընտանիքի անդամների, անչափահաս որդու հետ։  Նրան զրկել են նաև զանգի իրավունքից»։  

 

Լրահոս

Դիտել ավելին