Կարևոր իրադարձություններ

Եթե ընտրական օրենսգիրքը չընդունվի, խնդիր չեմ տեսնի.Մարուքյան

17 Հոկտեմբեր, 2018 14:51
Եթե ընտրական օրենսգիրքը չընդունվի, խնդիր չեմ տեսնի.Մարուքյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր հայտարարել է, որ ինքը խնդիր չի տեսնում, եթե նոր ընտրական օրենսգիրքը չընդունվի եւ հին օրենսգրքով գնան ընտրությունների, քանի որ այլ իրավիճակ է։

«Եթե որեւէ մեկը փող չի բաժանելու, մեծ հաշվով ռեյթինգային համակարգը, որը ստեղծվել է փող բաժանելու համար, այլեւս չի գործելու այնպես, ինչպես գործել է։ Բայց եթե լինի  համամասնական, այստեղ իմ հիմնական մտահոգությունն այն է, որ մարզերից ներկայացվածության խնդիրն է առաջանալու, այս խնդիրը կուսակցություններն իրենց ներսում պետք է լուծեն, իրենց ցուցակներն այնպես կազմեն, որ մարզերից ներկայացուցիչները լինեն անցողիկ տեղերում»,–ասել է պատգամավորը։

Հարցին՝ «Լույս» դաշինքով են գնալո՞ւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, արդյոք առաջարկ արե՞լ են Նիկոլ Փաշինյանին միասին գնալ ընտրություններին, Մարուքյանն ասաց, որ Փաշինյանին նման առաջարկ չեն արել, իսկ ԱԺ ընտրություններին, ամենայն հավանականությամբ, «Լույս» դաշինքով կգնան.

«Ֆորմալ չենք հավաքվել ու որոշել, սակայն տրամաբանությունը հուշում է, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ստեղծված բրենդը, որը, բնականաբար, շատ լուրջ ռեսուրս է, եւ այն սկզբունքները, որոնք դրվել են դաշինքի հիմքում, գործում են մինչ այսօր, հետեւաբար, այդ նույն ձեւաչափով կմասնակցենք ԱԺ ընտրություններին»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է կարծում պատգամավորը՝  12 օրը բավարա՞ր է ընտրարշավի համար, որին Մարուքյանը պատասխանել է.

 «Արտահերթ ընտրությունները ենթադրում են արտահերթ պրոցեսներ, օպերատիվ գործողություններ»։

 

Լրահոս

Դիտել ավելին