Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությունը ջուր է օգտագործում ապօրինի, առանց պայմանագրի

16 Հոկտեմբեր, 2018 23:20
Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությունը ջուր է օգտագործում ապօրինի, առանց պայմանագրի

Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել ըստ որի «Հայասի գրուպ» ընկերության կոնյակի և գինու գործարանը օգտագործում է խմելու (քլորացված) ջուր՝ արտադրական նպատակներով, սակայն «Վեոլիա ջուր» ընկերության բաժանորդ չեն և պայմանագիր չունեն, այսինքն՝ «փաստացի խմելու ջուր չեն օգտագործում։ 

Նշենք, որ այս ընկերությունը կապվում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ։

«2018թ. օգոստոսի 8-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտի ուսումնասիրման հարցով, ինչի կապակցությամբ 2018թ. հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում  ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ, անցկացնում է մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ նաև սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նշված մոնիթորինգի շրջանակում  «Վեոլիա ջուր» ընկերությունից վերցվել են կասկածելի, անտրամաբանական քիչ սպառում կամ ընդհանրապես զրոյական ծախս ներկայացնող կազմակերպությունների բազիսային տվյալները:

Նախատեսվել է դիտարկել շուրջ 2700 բաժանորդների ջրաչափական հանգույցները, որից 1500-ը՝ Երևանում: Ըստ նախնական տվյալների, մայրաքաղաքում արդեն  իսկ հայտնաբերվել են 100-ից ավելի տարաբնույթ՝ ենթադրյալ  խախտումներ, որոնք պետք է քննարկվեն և դիտարկվեն  «Վեոլիա ջուր» ընկերության հետ համատեղ: Դիտարկումները դեռևս շարունակվում են ՀՀ մարզերում, որոնց արդյունքները կամփոփվեն հոկտեմբեր ամսվա ավարտին:

Նշված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են նաև ընկերություններ, որոնք օգտագործում են խմելու (քլորացված) ջուր՝ արտադրական նպատակներով, սակայն «Վեոլիա ջուր» ընկերության բաժանորդ չեն և պայմանագիր չունեն, այսինքն՝ «փաստացի խմելու ջուր չեն օգտագործում»:

Նշվածի ապացույց է Արագածոտնի մարզի գ. Ոսկեվազում  դեռևս 2014թ. հիմնադրված և մինչ օրս գործող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն՝ կոնյակի և գինու գործարանը: Հատկանշական է, որ «Հայասի գրուպ» կոնյակի գործարանը կառուցվել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին վարձակալությամբ հանձնված 4 ջրագծերի վրա (որոնցից ամենամեծը «Ղազարավանի» 500մմ-անոց՝ ք. Էջմիածինը սնող ջրատարն է), ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծել ընկերության կողմից խմելու ջրի ապօրինի օգտագործման համար: Եվ սա այն պարագայում, երբ նման արտադրական հողհատկացումը տվյալ տարածքում ընդհանրապես անթույլատրելի էր:

 Բազմիցս՝ 2017թ. և 2018թ., ինչպես «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի,  այնպես էլ Ջրային կոմիտեի և  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից փորձեր են արվել «Հայասի գրուպ» ընկերությանը բերել օրինական դաշտ և դարձնել խմելու ջրի բաժանորդ, սակայն վերջինս մերժել է իրենց կողմից խմելու (քլորացված) ջրի սպառման փաստը և  արգելել նշված բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքը գործարանի տարածք։

Այն, որ «Հայասի գրուպ» կոնյակի գործարանը իր տարածքում ունի  խմելու (քլորացված) ջրի աղբյուր, փաստվել է մի քանի անգամ՝ տարբեր պատրվակներով գործարանի աշխատակիցներից ծորակից խմելու ջուր խնդրելով. նույն պահին հատուկ նյութի օգնությամբ բաժակում հայտնաբերվել է քլոր, ինչով փաստվել է, որ գործարանի ծորակներով հոսում է քլորացված խմելու ջուր:

Այսպիսով, երկամյա դիտարկումներից համոզված ենք, որ Ոսկեվազում գործող «Հայասի գրուպ» կոնյակի գործարանը, ունենալով արտադրական մեծ հզորություն, ապօրինի  խմելու ջուր է օգտագործում:  Այսօր ևս, հերթական անգամ երեք կառույցների ներկայացուցիչները փորձել են մտնել ձեռնարկության տարածք՝ ջրագծերն ուսումնասիրելու նպատակով, սակայն պահակային ծառայությունը նրանց դուրս է հրավիրել՝ փակելով դռները, որևէ մեկը ղեկավար անձնակազմից այդպես էլ կապ չի հաստատել այցելուների հետ: Տեղում, հենց պահակակետում դրական արդյունքով կրկնվել է ծորակի ջրում քլորի առկայության ստուգման փորձը:

Դիտարկումները շարունակվում են նաև մյուս մարզերում, որոնց արդյունքները պարբերաբար կներկայացվեն  հանրությանը»,– ասվում է կոմիտեի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, «Հայասի գրուպ» ընկերության կոնյակի և գինու գործարանի անունը կապվում է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդսարյանի հետ, իսկ 2015-ին այս նույն ընկերության անվան շուրջ սկանդալ հասունցավ, երբ պարզվեց, որ շոտլանդական վիսկիի անվան տակ սպառողներին նրանք անհասկանալի խառնուրդ էին առաջարկել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին