Կարևոր իրադարձություններ

Մինչև հունվարի 1-ը չենք հասցնելու եկամտահարկը նվազեցնել. ՊԵԿ նախագահ

16 Հոկտեմբեր, 2018 15:12
Մինչև հունվարի 1-ը չենք հասցնելու եկամտահարկը նվազեցնել. ՊԵԿ նախագահ

Կարծում եմ՝ մենք մինչև հունվարի 1-ը չենք հասցնելու եկամտահարկը նվազեցնել: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Քաղաքական գործընթացներն այնպիսի սրընթաց փոփոխությունների հանգեցրեցին, որ այո, հնարավոր է՝ մենք հունվարի 1-ից փոփոխություն չունենանք, այլ ունենանք հուլիսի 1-ից: Բայց, որ հստակ է կառավարությունը եկամտային հարկի բեռի նվազեցման անելիքների առումով, հստակ իմացեք, ուղղակի հունվարի 1-ի առումով, կարծում եմ, որ մենք չենք հասցնելու»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ կառավարության առաջարկած առաջին տարբերակով առաջարկվում է մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը դարձնել 20 տոկոս, իսկ դրանից ավելի ստացողներին հարկել 25 տոկոսով: Երկրորդ տարբերակով առաջարկվում է բոլորի համար սահմանել 23 տոկոս եկամտահարկ՝ անկախ աշխատավարձի չափից։

Ներկայումս հարկման երեք սանդղակ է գործում։ Մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարում են 23 տոկոս եկամտահարկ, 150 հազարից 2 միլիոն դրամ ստացողները՝ 28 տոկոս, իսկ 2 միլիոնից ավելի ստացողները 36 տոկոս եկամտահարկ են վճարում։

Հարցին, թե հնարավո՞ր է ստեղծել հարթակ, որտեղ լրագրողները, հասարակությունը կկարողանան հետևել՝ ի՞նչ միջոցներ են հեղափոխությունից հետո հետ բերվել բյուջե, Դավիթ Անանյանն ընդգծեց, որ ՊԵԿ-ն ամեն ամիս տվյալներ ներկայացնում է:



«Պետական եկամուտների կոմիտեն իրականացրած հարկային վարչարարության ընթացքում, և հարկ վճարողների կողմից կամավոր իրենց հարկային պարտավորությունները կատարելու արդյունքում հավաքագրված գումարներն ամեն ամիս հանրությանը ներկայացվում են: Եթե ուզում եք օնլայն եղանակով տեսնել, գործնականում այդպիսի բան հնարավոր չէ: Դրանք քրեական գործերի շրջանակներում քննման ենթակա դրվագներ են, որոնց օնլայն եղանակով տեղեկատվություն ներկայացնելը ոչ տեղին, անիմաստ է»,- նշեց նա:

ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ սեպտեմբերի դրությամբ մոտ 26-28 հազար աշխատակցի հայտ է ավելացել, այսինքն՝ այդքան աշխատակիցների ավել են աշխատանքի ընդունել:

«Այդ աշխատանքի ընդունումը պայմանավորված է եղել զարթոնքային իրավիճակի հետ, բայց նաև շեշտում եմ, որ տնտեսական քաղաքականության ուրվագծային հստակ տեսլական կառավարությունը դեռևս հանրությանը չի ներկայացրել՝ հայտնի հանգամանքներից ելնելով: Հարկային օրենսդրության փոփոխությունների հետ կապված հստակ նախագիծը դեռևս հանրությանը չի ներկայացվել, այս պարագայում տնտեսությունը կանգառ է վերցրել: Եթե մենք առաջիկայում սա չներկայացնենք հանրությանը, ես նույնիսկ կասկած ունեմ, որ տնտեսական աճը ռեգրեսի կգնա: Անընդհատ հեղափոխական իրավիճակը տնտեսությունը ոչ թե խթանում է, այլ հետ է տանում»,- հայտարարեց Դ. Անանյանը:

Նա նշեց, որ վարչապետի հետ խոսել է այս թեմայով: Ըստ նրա՝ արտահերթ ընտրությունները, որքան շուտ լինեն, այնքան ներդրողների համար իրավիճակը կլինի հասկանալի, և տնտեսությունը կսկսի շնչել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին