Կարևոր իրադարձություններ

Արթուր Վանեցյանը հերքում է Ֆելիքս Ցոլակյանի և Գարեգին Բաղրամյանի նախարար նշանակվելու գործում իր առնչությունը

16 Հոկտեմբեր, 2018 13:46
Արթուր Վանեցյանը հերքում է Ֆելիքս Ցոլակյանի և Գարեգին Բաղրամյանի նախարար նշանակվելու գործում իր առնչությունը

Արթուր Վանեցյանը Կառավարության նիստից հետո անդրադարձավ  մամուլում տարածված լուրերին, թե  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը իր կնոջ քրոջ ամուսինն է:

Նա հաստատեց այդ փաստը՝ ընդգծելով, որ այն ժամանակ, երբ Գարեգին Բաղրամյանը դարձել է իր կնոջ քրոջ ամուսինը, նա եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սովորական աշխատակից: Արթուր Վանեցյանն այս դեպքում էլ հերքեց իր կապը՝ Գարեգին Բաղրամյանին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակման հետ:

«Ես նման լիազորություններ չունեմ, որ որևէ մեկին առաջարկեմ այս կամ այն պաշտոնում նշանակելու համար: Ես միայն ազգային անվտանգության ծառայության համակարգում կարող եմ որևէ անձի որևէ պաշտոնում նշանակել, իսկ երկրի ղեկավարությանն անհրաժեշտության դեպքում  կարող եմ տեղեկություններ տրամադրել այս կամ այն անձի վերաբերյալ»,- մանրամասնեց Վանեցյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքեց, սակայն, մամուլում տարածված լուրերն այն մասին, թե ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը իր քավորն է ու նախարարի պաշտոնում նշանակվել է իր միջամտությամբ:

 «Ֆելիքս Ցոլակյանն ազգային անվտանգության ծառայության համակարգի հին աշխատողներից է եղել: Երբ ես աշխատանքի եմ ընդունվել ազգային անվտանգության ծառայությունում, նա արդեն համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից էր: Ես նրան հարգում եմ որպես մարդ, զինվորական, պետական գործիչ, բայց նա իմ քավորը չէ: Սա բոլորին հայտնի փաստ է, ուղղակի վերջին շրջանում շատ մոդայիկ է դարձել ցանկացած հոդվածի մեջ իմ ազգանունը գրելը ու սենսացիա դարձնելը»,-  ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին