Կարևոր իրադարձություններ

Ավանում զինված հարձակվել են դեղատան աշխատակցի վրա. նոր մանրամասներ են հայտնի

15 Հոկտեմբեր, 2018 10:33
Ավանում զինված հարձակվել են դեղատան աշխատակցի վրա. նոր մանրամասներ են հայտնի

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Ավանում դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։

ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, 2018թ-ի հոկտեմբերի 13-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:20-ի սահմաններում, զինված անձը մուտք է գործել Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող դեղատուն, որտեղ դեղագործի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է գումար։ Հափշտակելով 15.100 ՀՀ դրամ կանխիկ գումար՝ զինված անձը դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան, եւ ձեռնարկվել մեծածավալ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Դեղագործը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել։ Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առերեւույթ հանցագործություն կատարած անձի արտաքին տվյալների վերաբերյալ եւ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին  հանձնարարություն տրվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին:

14.10.2018թ. վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել կասկածյալը, ով Երեւանի բնակիչ է, ծնված՝1997 թվականին:

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, դանակ, 5.000 ՀՀ դրամի մետաղադրամների կապոց, որը, քննության տվյալներով, հափշտակվել էր դեղատնից:

Կասկածյալը ձերբակալվել է եւ հարցաքննվել դեպքի շուրջ, նրա մասնակցությամբ կատարվել  դեպքի վայրի զննություն:

Նույն օրը՝ 14.10.2018թ., կասկածյալի եղբայրը ներկայացրել է նաեւ MP-654K մոդելի T12049377 համարի ատրճանակը, որը, ըստ հայտարարության, դեպքի օրը գտնվել է 21-ամյա երիտասարդի մոտ։ 

Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաքիմիական, դատաքրեագիտական փորձաքննություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին