Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    555,5
    563,5

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ է Ժիրայր Սեֆիլյանը դիմել վարչապետին

13 Հոկտեմբեր, 2018 10:29
Ինչու՞ է Ժիրայր Սեֆիլյանը դիմել  վարչապետին

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը զրկված են իրենց ընկերոջ Արայիկ Խանդոյանին վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից: Սեֆիլյանը նշում է, որ իրենց ընկերոջ և եղբոր հոգեհանգստին և հուղարկավորությանը մասնակցելու՝ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի մարդկային իրավունքը կյանքի կոչելու՝ վարչապետի քայլը էապես կամրապնդի մեր ժողովրդի հավատն ու վստահությունը իրավունքի, արդարության և ապագայի հանդեպ, ինչը շատ կարևոր է ներկայիս զգայուն և փխրուն ժամանակներում:

Սեֆիլյանի գրառման մեջ ասվում է. 

«Հարգելի պարոն վարչապետ

Սասնա Ծռեր Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը զրկված են իրենց ընկերոջը և եղբորը՝ Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանին վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից:

 Մեր պետականությունը քայքայած և մեր ժողովրդին կեղեքած ռեժիմի մնացորդ դատավորը օրենքի տառի ձեռնածուական և երեսպաշտ մեկնաբանությամբ մերժեց նրանց այդ միանգամայն մարդկային իրավունքը:

Մինչդեռ նրանց պաշտպանները փայլուն կերպով ապացուցեցին, թե տվյալ պարագայում ինչու և ինչպես պետք է իրավունքը լուծի մեռած օրենքի տառը:

Դուք հեղափոխության առաջնորդն եք և ժողովրդից մանդատ եք ստացել երկրում վերահաստատելու իրավունքն ու արդարությունը:

Մեր պետականության և ազգի ապագայի համար կենսականորեն անհրաժեշտ է, որ Դուք օգտագործեք Ձեր քաղաքական ազդեցության և անուղղակի կառավարման մյուս բոլոր լծակները, որպեսզի ռեժիմի մնացորդները չշարունակեն ամեն քայլափոխի օրենքի տառը վկայակոչելով ոտնահարել դրանք:

Այս ոլորտում առկա ճգնաժամն հանգուցալուծելու ամենակարճ և արդյունավետ ձևը նախկին հանցավոր ռեժիմի և նրա կառավարած հակահայ ու հակամարդ համակարգի ամբողջական ու լիակատար իրավաքաղաքական գնահատականն է, որ մինչ օրս չի տրվել: Այդ գնահատականի օրգանական բաղադրիչը Սասնա Ծռերի հերոսական ապստամբության և մեր ժողովրդի զավակների այլ ընդվզումների իրավաչափության և խրախուսականության վերաբերյալ միանշանակ վերաբերմունքը պետք է լինի, որպեսզի դրանց մասնակիցները բռնապետական օրենքի տառին համապատասխան հետապնդվելու և ամբաստանվելու փոխարեն իրենց արժանի տեղն ու կարգավիճակն ստանան մեր հասարակության մեջ:

Հարգելի պարոն վարչապետ

Իրենց ընկերոջ և եղբոր հոգեհանգստին և հուղարկավորությանը մասնակցելու՝ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի մարդկային իրավունքը կյանքի կոչելու Ձեր քայլը էապես կամրապնդի մեր ժողովրդի հավատն ու վստահությունը իրավունքի, արդարության և ապագայի հանդեպ, ինչը շատ կարևոր է ներկայիս զգայուն և փխրուն ժամանակներում»։

 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին