Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի ցուցակում հեղափոխական էյֆորիան ներկայացնող մարդիկ են լինելու. քաղաքագետ

12 Հոկտեմբեր, 2018 20:45
Փաշինյանի ցուցակում հեղափոխական էյֆորիան ներկայացնող մարդիկ են լինելու. քաղաքագետ

Դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ամենից շատ քննարկվող հարցն այն է, թե ովքեր կմտնեն խորհրդարան և հեղափոխական կուսակցության ցուցակն ինչպիսին կլինի: Այս հարցերի շուրջ Shabat.am-ը զրուցել է քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ:

Քաղաքագետն այս ընտրությունների հիմնական պրոբլեմներից մեկը ընտրական օրենսգիրքն է համարում:

«Այդ հրեշավոր օրենսգիրքը պետք է փոխել, նման ձևով խորհրդարանական ընտրություններ անցկացնելն անթույլատրելի է,- ընդգծեց Սարգսյանը՝ շեշտելով,- Հիմա հետհեղափոխական վիճակ է, և այս ընտրությունները դասական ընտրություններ չեն, այլ լինելու է հետհեղափոխական տրամադրությունների արտահայտում, ավելի շուտ հանրաքվե, ի պաշտպանություն այս հեղափոխական պրոցեսների: Մարդկանց հիմա հետաքրքրում է մի հանգամանք. որևէ կերպ թույլ չտալ նախկին ռեժիմի ներկայացուցիչներին հայտնվել պառլամենտում»:

Սարգսյանը նշեց, որ պատկերն ակնհայտ դարձավ ավագանու ընտրությունների ժամանակ, երբ ժողովուրդն արհամարհեց մյուս կուսակցություններին՝ ուղղակի ձայն տալով Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ցուցակին՝ աջակցություն հայտնելով հեղափոխությանը:

«Այս ընտրությունների ժամանակ մենք 100 տոկոսով կտեսնենք նույն պատկերը: Պարզապես փոփոխվող օրենսդրությամբ երեք կուսակցություն 1.5-2 տոկոս ձայնով կարող է մտնել խորհրդարան 8-10 պատգամավորով: Սա իհարկե, վտանգ է ներկայացնում, որովհետև մեկ-երկու տոկոս աջակցություն ունեցող որևէ ուժ հանկարծակի իրավունքներ է ստանալու խորհրդարանում»:

Քաղաքագետի մտավախությունը միայն խորհրդարանում պատահական ընդդիմության հայտնվելը չէ, այլև հեղափոխական  կուսակցության ցուցակում ընդգրկվելիք մարդիկ:

«Նրանք ծրագիր չեն ներկայացնում: Նրանք հեղափոխական էյֆորիա ներկայացնող մարդիկ են, որոնք նույնպես պարզ չէ՝ ինչ կենսագրություն ունեն, ինչ ունակություններ ունեն, ինչ սկզբունքով են հայտնվելու ցուցակում: Հաճախ գրում են, որ այս կամ այն մարդը նշանակվել է պաշտոնի, քանի որ մասնակցել է պայքարին: Մարդը կարող է շատ լավ պայքարող լինել, բայց բացարձակապես ոչ մի ունակություններ և գիտելիք չունենա, որ զբաղեցնի տվյալ պաշտոնը կամ մանդատ վերցնի: Շատ դժվար է ընդհանրապես պատկերացնել՝ թե ոնց է գործելու նման խորհրդարանը: Շատերը նշում են, որ միահեծան իշխանություն է  ձևավորվելու: Շատ բարդ իրավիճակ է»,- եզրափակեց Սարգսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին