Կարևոր իրադարձություններ

Մահացած զինծառայողի հարազատները կատարվածը սպանություն են համարում

11 Հոկտեմբեր, 2018 17:23
Մահացած զինծառայողի հարազատները կատարվածը սպանություն են համարում

Հոկտեմբերի 1-ին մահացած զինծառայող Գևորգ Հարոյանի հարազատները պահանջում են վերջ տալ բանակում զինվորների հանդեպ բռնությանը և հալածանքներին:

Հարազատները ինքնասպանության վարկածը բացառում են և համոզված են, որ Գևորգի մահը զորամասում նրա նկատմամբ տեղի ունեցած բռնության հետևանք է:

Արմեն Բեգլարյանը քրոջ որդու՝ Գևորգ Հարոյանի մահվանը հաջորդած դեպքերի ժամանակագրությունը նախ՝ ներկայացրեց: Գևորգի մայրը Արցախ էր գնացել՝ որդուն տեսակցության, տղայի աչքի տակ կապտուկ էր նկատել ու որոշել պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Գևորգն այդ օրը թաքցրել էր կապտուկի իրական պատճառը: Հետո, ըստ Արմեն Բեգլարյանի, Գևորգն իրենց պատմել է, որ զորամասում իր նկատմամբ պարբերաբար բռնություն է կիրառվել, նվաստացումներ են եղել: Անգամ կոնկրետ սպայի անուն է տվել:

Ծնողները փորձել են միջամտել, բայց ըստ Արմենի, չեն կարողացել ստույգ տեղեկություն ստանալ, թե ինչ է կատարվում զորամասում: Հոկտեմբերի 1-ին արդեն Գևորգի մահվան լուրն են ստացել: Զինծառայողի մահված պատճառների մասին, ըստ Գևորգի մորեղբոր, ի սկզբանե հակասական հայտարարություններ են արվել:

Կատարվածը սպանություն են համարում, իսկ թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, ըստ Արմեն Բեգլարյանի, իրենց դեռ հայտնի չէ:

«Եթե մարդը ուսադիրներ է կրել այդ զորամասում, ուրեմն այդ մարդը մեղավոր է: Ոչ մի ինֆորմացիա չենք կարող ասել՝ ոնց է եղել, ինչ է եղել, քննությունը շարունակվում է: Ինչո՞ւ, ո՞նց է եղել, չգիտենք: Միայն գիտենք, որ կռիվ է եղել»,- ասել է Արմեն Բեգլարյանը:

Զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել, կան ձերբակալվածներ։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ ձեռք են բերվել տվյալներ, որ Գևորգի նկատմամբ բռնություն է կիրառվել: Նման կասկածանքով ձերբակալվել են նույն զորամասի կրտսեր սերժանտը և վաշտի հրամանատարը։

Գևորգ Հարոյանի հարազատները պահանջում են արդար դատաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին