Կարևոր իրադարձություններ

«Մեզ մնում է հերթական անգամ չընտրել քաղաքական "առնետների"»

10 Հոկտեմբեր, 2018 14:15
Հեղինակ՝ Ավետիք Չալաբյան
«Մեզ մնում է հերթական անգամ չընտրել քաղաքական

«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

« Ընկերներ ջան

Վերջին երկու օրերին նայելով ՀՀԿ-ից առնետավազքի ահագնացող տեմպերին, մտածում էի,որ մեր երկրում մարդու մի տեսակ կա, որը վերջին երեսուն տարիներին փոփոխություն չի կրել՝ դա քաղաքականության մեջ մորթապաշտ, զուտ անձնական շահից գործող, անսկզբունք "գործարարի" տեսակն է։ Այդ տեսակը 1990 թվին լքեց կոմունիստներին և իր մի քանի պակասող ձայներով կարողացավ Լևոն Տեր-Պետրոսյանին ընտրել Գերագույն Խորհրդի նախագահ, այդ տեսակն էր որ 1997 թվին լքեց նույն Տեր-Պետրոսյանին ու մի գիշերվա մեջ դարձավ Երկրապահ, իսկ 2000 թվին էլ լքեց արդեն հանգուցյալ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի ստեղծած դաշինքը, և անցավ Ռոբերտ Քոչարյանի կողմը։ Այդ մարդու տեսակն է, որ այսօր քաղաքական խառակիրի գործելով, ափալ-թափալ լքում է ՀՀԿ-ն, իր հավատարմությունը հայտնելով նոր իշխանությանը։

Երբ նայում ես այդ մարդկանց ցուցակը, տեսնում ես նրանց մեջ 2017 թ ԱԺ ընտրությունների ընթացքում ձայների գնման "առաջամարտիկներին", այս ցուցակից առնվազն երկուսը ռեյտնիգային ընտրակարգով 40 հազարից ավելի ձայն են հավաքել, ևս մի քանիսը՝ 20 հազարի կարգի։ Այս մարդիկ համարում են, որ իրենց "հալալ քրտինքով" են ձեռք բերել սեփական "ընտրողների" ձայները և իրենց պատգամավորական մանդատը, ՀՀԿ-ին ոչ մի բան պարտք չեն, ու այսօր այդ մանդատը կարող են բարտերով փոխել Նոր Հայաստանում սեփական անձի և բիզնեսի անձեռնամխելիության հետ։ Նաև, բնականաբար, ոչ մի բան պարտք չեն սեփական ընտրողներին, քանի որ նրանց ձայները գնել են, ոչ թե ստացել, այլապես գոնե այդ ընտրողների կարծիքը ձևի համար կհարցնեին։ Այսպիսի մարդկանց պատճառով է, որ այսօրվա Ազգային ժողովը լեգիտիմ չի, ու հենց նրանք առաջինն են վազում այն նոր իշխանությանը հանձնելու՝ սա ճակատագրի դառը հեգնանք է, բայց մեր իրականության մեջ, ցավոք, այդպես է։

Նոր իշխանությունը, որը բացարձակ իշխանություն դառնալու ճանապարհին այսօր օգտվում է այս մարդկանց ծառայությունից, անում է նույնը, ինչը յուրաքանչյուր նախկին իշխանությունը՝ նպատակի համար միջոցների մեջ խտրություն չդնելով, այն արտահերթ ընտրությունների ի սկզբանե քաղաքական պրոցեսը վերածում է քաղաքական կոռուպցիայի և առնետավազքի "քաջալերման" պրոցեսի։ Նիկոլ Փաշինյանը, ՀՀԿ հետ բանակցելու փոխարեն, տարբեր ձևերով "քաջալերելով" նրա առավել անսկզբունք պատգամավորների առնետավազքը, այսօր առաջին քայլն է անում, մեծամասնության կողմից մերժված նախկին իշխանավորների ուղիով, և ոչ մի երաշխիք չկա, որ առաջին քայլին չի հետևի երկրորդը, և մնացած բոլորը, առավել ևս, որ շարքային մարդիկ դեռևս ոգևորության մեջ են, և այդ նրբերանգները չեն նկատում։

Արդեն հիմա սկսում է պարզ դառնալ, որ այս առնետավազքի արդյունքում, մենք կունենանք համեմատաբար անցնցում հանգուցալուծում, և ԱԺ նոր ընտրություններ՝ առավել սեղմ ժամկետներում, և դա գուցե լավ նորություն է։ Մեզ մնում է հերթական անգամ չընտրել քաղաքական "առնետների", եթե չենք ուզում ապրել երկրում, որտեղ մեր ձայները մեզնից պարբերաբար օտարվում են՝ կամ 10000 դրամի, կամ պոպուլիստական դեմագոգիայի միջոցով, և հետո դառնում անսկզբունք քաղաքական առևտրի առարկա։

Հեղափոխության հիմնական իմաստը Հայաստանում եղել է քաղաքացու օտարված ձայնի վերականգնումը, ու յուրաքանչյուրս պետք է պահանջատեր լինի սեփական մեկ, չափազանց թանկ ձայնի համար, ու վստահի այն միայն այն գործիչներին, որոնք հենց մեզ, իրենց ընտրողներին են պարտական այդ ձայնի համար, ոչ թե սեփական կուսակցությանը, քսակին, կամ պահի իշխանությանը, և մեզ հետ հաշվի են նստելու բոլոր կարևոր շրջադարձներին։ Դրա հնարավորությունը մենք դեռ ունենք, և պետք է այն հեշտ չհանձնենք այս անգամ»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին