Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի համար կենսական է իրական ու երևակայական վտանգների չեզոքացումը

09 Հոկտեմբեր, 2018 16:32
Փաշինյանի համար կենսական է իրական ու երևակայական վտանգների չեզոքացումը

Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հուշագրի ստորագրումից և մի շարք հանրապետականների կողմից վարչապետին աջակցելու կոչերից հետո, երկրի ներքաղաքական կյանքում որոշակի շրջադարձեր եղան, որոնց շուրջ Shabat.am-ը զրուցել է դիվանագետ, ԱՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանի հետ:

Մելիքյանը գտնում է, որ Հայաստանի նախկին կառավարման համակարգը քայքայման ճանապարհն է բռնել, իսկ նորը՝ դեռ չի կայացել:
«Իշխանական լծակներին այսօր տիրապետող վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կենսական է ոչ միայն հին համակարգի տարբեր հատվածներից բխող իրական ու երևակայական վտանգների չեզոքացումը, այլև այդ հատվածների կողմից իրենց հանդեպ ունեցած իր գերիշխանության լիակատար ճանաչումը: Այսինքն՝ նրանց կապիտուլյացիան»,- նշեց նա:

Անդրադառնալով ՀՀԿ-ում տեղի ունեցող խմորումներին,քաղաքական գործիչը կարծիք հայտնեց, որ Հանրապետականը նոր չի սկսել իշխանությունը հանձնելու գործընթացը և դեռ կշարունակի առաջիկա ամիսներին:
«ՀՀԿ քաղաքական թիմն արեց իրենից կախվածը նաև քաղաքական, դիվանագիտական և իրավական տեսանկյունից արցախյան տարածքների հանձնումն ապահովելու համար և այժմ, հանձնելով իշխանությունը, կարող է իր վրայից հանել նաև Արցախի ճակատագրի համար ունեցած ողջ պատասխանատվությունը»,- ասաց Մելիքյանը:

Վերջինիս խոսքով՝ թե ԲՀԿ-ն, թե ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ընթացքում եղել են ՀՀԿ-ի օժանդակ, արբանյակ քաղաքական ուժեր և սատարելով գործող նախագահներին կարողացել են ապահովել սեփական բիզնես ու քաղաքական շահերը: Իսկ Ծառուկյանի և վարչապետի ստորագրած հուշագիրը, հավանաբար, պետք է դիտարկել ոչ այնքան քաղաքական, որքան իր բիզնես շահերի ապահովման տեսանկյունից:
«Ծառուկյանը հավատարիմ է մնում ինքն իրեն՝ նա ոչ թե բիզնեսով զբաղվող քաղաքական գործիչ է, այլ բիզնեսմեն է, որը երկրում ձևավորված իրողությունների ճնշման տակ ստիպված է լինում խառնվել քաղաքականությանը»,- եզրափակեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին