Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզի համայնքներից մեկի ղեկավարը որպես մեղադրյալ է ներգրավվել

09 Հոկտեմբեր, 2018 13:02
Տավուշի մարզի համայնքներից մեկի ղեկավարը որպես մեղադրյալ է ներգրավվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունել մարզի համայնքներից մեկի ղեկավարի կողմից առերևույթ ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

2018թ. հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզի համայնքներից մեկի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչուհու  առանձնատանը սահմանված կարգի խախտմամբ տիրանալու դեպքի առթիվ, որը, նախաքննություն կատարելու համար, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչություն է ստացվել 2018թ. օգոստոսի 7-ին:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարը, չունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածով նախատեսված իրավունքներից և որևէ մեկը, խախտելով  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածով սահմանված սեփականության ձեռքբերման կարգը, 2000 թվականի փետրվար ամսից տիրացել է նույն համայնքի բնակչուհուն պատկանող առանձնատանը՝ վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:

 
 

Բնակչուհին ճանաչվել է տուժող:

Բավարար ապացույցների համակցությամբ՝ 2018թ. հոկտեմբերի 6-ին քննիչը որոշում է կայացրել՝ համայնքի ղեկավարին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրան ծանուցվել է՝ վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու վերաբերյալ, սակայն նա, առանց հարգելի պատճառի, քննությանը չի ներկայացել:

Նկատի ունենալով, որ մեղադրյալը չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին՝ 2018թ. հոկտեմբերի 8-ին որոշում է կայացվել՝ համայնքի ղեկավարին բերման ենթարկելու մասին: ՀՀ ոստիկանության ՏՄՎ Իջևանի բաժնից ստացվել է գրություն առ այն, որ համայնքի ղեկավարը բացակայում է բնակության վայրից:

Ուստի՝ 2018թ. հոկտեմբերի 8-ին քննիչը որոշում է կայացրել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն կիրառելու և հետախուզում հայտարարելու մասին:

Նույն օրը՝ հոկտեմբերի 8-ին, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն  իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել՝ համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին