Կարևոր իրադարձություններ

Մենակ մնացած և թուլացած ՀՀԿ-ն այդ պայմաններում վարչապետ չի առաջադրի

09 Հոկտեմբեր, 2018 10:12
Հեղինակ՝ Ավետիք Չալաբյան
Մենակ մնացած և թուլացած ՀՀԿ-ն այդ պայմաններում վարչապետ չի առաջադրի

Կուզեի, որ հեղափոխական իշխանությունն այսուհետեւ իր գործընկերներին պատեհ-անպատեհ հակահեղափոխական չկոչեր, ու իր հետ աշխատած նախարարներին պաշտոնից նսեմացնելով չազատեր փողոցի սուլոցների տակ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Գրառումը ստորև․  «Կարծում եմ շատերդ արդեն տեսել եք Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ծառուկյանի կողմից ստորագրած հուշագիրը, եւ հասկանում եք, որ հերթական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումը արդեն մոտ է, «վատ» բանակցություններն էլ շատ ավելի լավ են, քան «լավ» աղբամանային պատերազմը, որին շատերը սկսել էին «դուխով» պատրաստվել։

Ըստ էության, հիմա մնում է այդպիսի հուշագիր ստորագրել նաեւ ՀՅԴ հետ, ընդունել նոր Ընտրական օրենսգիրքը, եւ օրենքի ուժով ցրել Ազգային ժողովը՝ մենակ մնացած եւ թուլացած ՀՀԿ-ն այդ պայմաններում վարչապետ չի առաջադրի։ Շատ կուզեի, որ դա էլ տեղի ունենա խելամիտ պայմաններով ու ժամկետներում, ու ճանապարհ բացեր նոր ընտրություններով կայուն իշխանություն ձեւավորելու համար։

Ես նաեւ կուզեի, որ հեղափոխական իշխանությունն այսուհետեւ իր գործընկերներին պատեհ-անպատեհ հակահեղափոխական չկոչեր, ու իր հետ աշխատած նախարարներին պաշտոնից նսեմացնելով չազատեր փողողի սուլոցների տակ (իսկ հետո էլ մի քանի օրից ստորագրեր նորից նրանց «հեղափոխականության» տակ), կամ էլ իրեն սպիտակ, մնացած բոլորին սեւ չհորջորջեր, որպեսզի մի քանի օր հետո քաջալերեր ու գրկաբաց ընդուներ «Սեւերի» ճամբարը լքողներին, կամ էլ չփորձեր սեփական թերությունները անընդհատ արդարացնել հակահեղափոխականների դավադրությամբ։

Ընտրություններից հետո իշխանության համար գալու է հասարակությանը տված իր խոստումները կատարելու ժամանակը, եւ որքան շուտ իշխանությունը կենտրոնանա կառուցողական օրակարգ ձեւավորելու վրա, այնքան լավ իր ապագա ընտրողների, եւ նաեւ բոլոր մնացածների համար։

Այսքանով բոլորիդ բարի երեկո եմ ցանկանում»:

 

Լրահոս

Դիտել ավելին