Կարևոր իրադարձություններ

Հայաստանը ոչ սովորական ներքաղաքական իրավիճակում է գտնվում. Փաշինյան

08 Հոկտեմբեր, 2018 21:13
Հայաստանը ոչ սովորական ներքաղաքական իրավիճակում է գտնվում. Փաշինյան

Հայաստանը ոչ սովորական ներքաղաքական իրավիճակում է գտնվում, և քաղաքական ուժերի պարտավորությունն է փորձել ստեղծված իրավիճակը  հաղթահարել բանակցությունների քաղաքական տրամաբանության մեջ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը:

«Պարոն Ծառուկյան, ուզում եմ ընդգծեմ, որ ձեր տված հարցազրույցն այդպիսի հնարավորություն ստեղծեց: Հարցազրույցի բովանդակությունից ակնհայտ էր, որ մենք քննարկելու բան ունենք, համենայն դեպս, որոշակի պատկերացումներ համընկնում են: Դուք, ըստ էության, պաշտպանեցիք դեկտեմբերին Ազգային ժողովին արտահերթ ընտրություն անելու գաղափարը: Այսօրվա մեր հանդիպման նպատակը այդ իրավիճակը քննարկելն է: Ես կուզենայի ձեր պատկերացումները լսել այն մասին, թե մենք ինչպես հասնենք այդ նպատակի իրագործմանը: Կուզեի նաև ձեզ հետ կիսել իմ պատկերացումները», ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գագիկ Ծառուկյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ «Բարգավաճ Հայատան» կուսակցությունը շարժման սկզբից աջակից է եղել:

«Գիտեք՝ որոշ հարցերում իմ ժողովրդի, շարժման, ձեր կողքին ենք եղել, մեր մասով աշխատանքները կատարել ենք, կատարում ենք, կատարելու եք: Մենք ընդունել ենք հեղափոխությունը: Ոչ մեկն էլ չէր պատկերացնում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա: Ես այդ ժամանակ ասել եմ ժողովրդին, որ ձեր կողքին եմ, ասել եմ՝ ձեր ընտրյալ Փաշինյանն է, ձեր կողքին եմ: Առաջին հանդիպմանը, եթե հիշում եք, ասացիք, երբ անցկացնենք ընտրությունները, ես էլ ասացի՝ հունիսին: Հիմա ժողովուրդը դա ուզում է, դրա անհրաժեշտությունը կա, քննարկենք, որպեսզի չլինեն  հետհեղափոխական քայլեր, քննարկենք, որ ապահով զարգացում լինի: Որպես գործընկեր պատրաստակամ եմ լինել ձեր կողքին տնտեսության զարգացման, երկրի բարգավաճման համար»,-ասել է Գագիկ Ծառուկյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իրենց գործակցության պատմությունը եղել է հրապարակային: Նա հույս հայտնեց, որ հետագայում էլ այդպես կլինի:

«Մի քանի անգամ ասել եմ, կա բարիկադներ կառուցելու, կա բարիկադները վերացնելու ժամանակը: Այս հինգ ամիսների ընթացքում այդ պրոցեսը լիարժեք իրագործել չհաջողվեց: Ցավոք, կային և կան ուժեր, որոնք շարունակում են սթափ չգնահատել այդ իրավիճակը, իրենցից կախված ամեն ինչ անում են, որ ներքաղաքական իրավիճակը լարվի: Բայց ասեմ, որ Կառավարությունն ունի ժողովրդի 90 տոկոս աջակցություն, այդ դեպքում իրավիճակը չի կարող լարվել: Ամեն դեպքում ցանկացած իրավիճակում պետք է լինի համագործակցության հնարավորություն կառուցելու տրամաբանությունը: Կարծում եմ, որ գործակցությունը քաղաքական հարաբերությունների հիմնական մշակույթ պետք է լինի, մանավանդ, կարծես թե, ունենք որոշակի եզրեր դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու մասով: Հույս ունեմ արդյունավետ խոսակցություն կունենանք»,-հավելեց Փաշինյանը:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հուշագիր են ստորագրել

 

Լրահոս

Դիտել ավելին