Կարևոր իրադարձություններ

Ժողովրդական հանրաքվե՝ Փաշինյանի հրաժարականի փոխարեն. քաղաքագետ

08 Հոկտեմբեր, 2018 14:54
Ժողովրդական հանրաքվե՝ Փաշինյանի հրաժարականի փոխարեն. քաղաքագետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին դեմ արտահայտվողները շարունակում են մնալ նույն կարծիքին՝ հրաժարականին այլընտրանք առաջարկելով ժողովրդական հանրաքվեն:

Shabat.am լրատվականն այդ հարցի շուրջ խոսեց քաղաքագետ Արա Պապյանի հետ:

«Այդ ճանապարհը շատ վտանգավոր է: Ռիսկայնությունը մեծ է: Ես չեմ ասում, որ այդ երեք խմբակցություններն անպայմանորեն կառաջադրեն իրենց թեկնածուն, թեև անգամ բանավոր չեն ուզում որևէ պարտավորություն ստանձնել: Ասում են թող հրաժարական տա, կտեսնենք: Բայց ես իրենց չէի վստահի  անգամ եթե գրավոր հուշագիր ստորագրվեր: Կասեն, գիտեք իրավիճակ է փոխվել և ելնելով իրավիճակից, հանուն պետության շահերի կառաջադրեն: Չմոռանանք, որ մեզ մոտ վարչապետը նաև գերագույն  գլխավոր հրամանատար է, կարելի է հանգիստ հրահրել բախում, հետո ասել՝ չի կարող երկիրը մնալ առանց գերագույն գլխավոր հրամանատարի, իսկույն ընտրել, ասելով, որ Փաշինյանը փորձ չունի ռազմական կառավարման, եկեք ընտրենք Քոչարյանին, նա Արցախում դիրք ունի, փորձ ունի, այդ անվան տակ ամբողջն անցկացնել»:

Քաղաքագետը ժողովրդական հանրաքվեն հրաժարականի միակ այլընտրանք է տեսնում:

«Պլեբեսցիտի, հարցախույզի միջոցով մարդիկ կստորագրեն՝ ուզում են արտահերթ ընտրություններ, թե ոչ: Խոսքը սահմանադրորեն պարտադիր որոշում կայացնող հանրաքվեի մասին չէ, որ պնդում են սահմանադրագետները: Սահմանադրությունը դնենք մի կողմ, այն ժողովուրդն է ստեղծել և ժողովուրդն էլ կարող է փոխել, ինչն ամրագրված է սահմանադրության մեջ: Երբ ժողովուրդը կողմ քվեարկի, գործադիրը կարող է իր հրամանագրով արտահերթ ընտրություններ հայտարարել: Որևէ մեկը մեզ չի մեղադրելու, թե ինչու ենք հեղափոխություն անում, հակահեղափոխական սահմանադրությունը ոտնահարելով,- նշում է Պապյանը և եզրափակում,- Չի կարող պատահել՝ երկրում տեղի ունենա հեղափոխություն, բայց հիմնական իշխանական  գործիքը, իսկ խորհրդարանական երկրում դա խորհրդարանն է, թողնել հակահեղափոխության ձեռքում»:

 

Լրահոս

Դիտել ավելին