Կարևոր իրադարձություններ

Վարչապետի խորհրդականին չէր խանգարի խոսելուց առաջ մտածել. «Ժողովուրդ»

05 Հոկտեմբեր, 2018 08:33
Վարչապետի խորհրդականին չէր խանգարի խոսելուց առաջ մտածել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, թե Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ պետք է անցկացնել՝ լուծելու համար ներքաղաքական ճգնաժամը, քանի որ այդ ամենի արդյունքում տուժում է նաեւ տնտեսությունը. ներդրողները սպասում են ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակի կայունացմանը: Երեկ այս տեսակետը պնդել է նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` հավելելով, որ որքան ուշ կայանան խորհրդարանական ընտրությունները, եւ սպասողական վիճակը երկարի, այդքան ավելի վատ երկրի տնտեսության համար:

«Այնտեղ, որտեղ որ քաղաքական առումով դեռեւս կայուն վիճակ չկա, բիզնեսը սպասողական դիրքեր է գրավում եւ սպասում է, թե քաղաքական ինչպիսի հանգուցալուծումներ կլինեն: Միանշանակ ճիշտ է վարչապետի տեսակետը… Սպասողական վիճակը ինչքան երկարի, այնքան երկրի համար վատ է»,- ասել է նա:

Ամենամեծ ցանկության դեպքում անգամ Փաշինյանի ու Անանյանի հետ դժվար է չհամաձայնել. հայտնի փաստ է՝ բիզնեսը, հատկապես` օտարերկրյա կապիտալը, քաղաքական կայունություն է «սիրում», անկայուն իրավիճակներում մարդիկ պարզապես վախենում են գումարներ ներդնելուց: Թվում էր՝ ամեն ինչ ասված է, սակայն երեկ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, խոսելով օտարերկրյա ներդրումների ու Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին, միանգամայն այլ տրամաբանության մեջ է խոսքերը ձեւակերպել, եւ արդյունքում ստացվել է այնպես, որ նա «սխալ է հանել» վերադասին:

«Ներդրողները ոչնչի չեն սպասում»,- նշել է նա` պատասխանելով հարցին՝ վարչապետն ասում է, որ ներդրողները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որ ներդրումներ անեն: Գասպարյանն, իհարկե, փորձել է մեկնաբանել ասածները` հավելելով, թե ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները շատ դրական են ընկալվում գործարարների կողմից, արդեն ներդրողներ են եկել տարբեր երկրներից: Կարճ ասած` պաշտոնյաներին չէր խանգարի խոսելուց առաջ մտածել, ինչպես խորհուրդ էր տալիս վարչապետ Փաշինյանը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին