Կարևոր իրադարձություններ

Մնայուն ու գերագույն շահերը պետք է վեր դասել անհատական կամ կուսակցական շահերից․ Արամ Ա

04 Հոկտեմբեր, 2018 16:35
Մնայուն ու գերագույն շահերը պետք է վեր դասել անհատական կամ կուսակցական շահերից․ Արամ Ա

Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա-ն ուղերձով է հանդես եկել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է․

«Մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Սփյուռքը դիտողի կրավորական ու անտարբեր վիճակում չի կարող մնալ: Սփյուքը Հայաստանի անանջատելի մասն է կազմում: Այն անելիք ու ասելիք ունի հայրենիքի դիմագրավող մարտահրավերների ու տագնապների նկատմամբ:

Հայրենիքի ընդհանրական, մնայուն ու գերագույն շահերը պետք է վեր դասել անհատական կամ կուսակցական, կողմնակի կամ ժամանակավոր շահերից:

Հայրենիքն ամեն գնով, հարկ եղած դեպքում փոխադարձ զիջումներով, պետք է հեռու պահել ներքին վայրիվերումներից ու վտանգավոր կացություններից:

 



Փոխադարձ ապստամբություններով, արհամարհանքով ու անվստահությամբ տիրապետված ներկայիս քաղաքական մշակույթը պետք է տեղի տա փոխադարձ սիրո, հանդուրժողականության, հարգանքի մշակույթին, ինչպես նաև բաժանարար մոտեցումները՝ միարար մտածողության ու հավաքական որոշումների դիմաց:

451-ին, բաժան-բաժան դարձած մեր ժողովուրդը, միասնական ոգով ու «վասն հայրենյաց» սրբազան նշանաբանով Հայաստանը պաշտպանեց Հազկերտից: Այսօր, երբ շրջապատված ենք նոր օրերի Հազկերտներով, մենք կոչված ենք ամուր հավատքով ու հավաքական հանձնառությամբ առավել հզորացնելու մեր հայրենիքը:

Այսպիսով, նույն և մեկ ժողովրդի ու հայրենիքի սիրել՛ի զավակներ, եկեք միասնաբար քայլենք սիրո ու օրենքի ճամփով՝  փոխադարձ հարգանքով ու հասկացողությամբ, և մեր ժողովրդի միասնականությունն ու հայրենիքի անվտանգությունն ամեն բանից առաջ ու վեր դասելով:

Այս է պատգամը մեր ժողովրդի դարավոր պատմության»:

 

Լրահոս

Դիտել ավելին